ԼՂ-ից ՀՀ եկած բոլոր անձինք հնարավորություն կունենան դիմելու և ստանալու 100.000 դրամը. փոխվարչապետ

Մարդկանց հոսքի ինտենսիվությունը շարունակում է մնալ նույնը, սակայն կառավարելի է, քանի որ Գորիսում և Վայքում բավական մեծ ռեսուրս է կենտրոնացվել։ Այս մասին Հանրայիի եթերում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրանը։

 

«Առաջին հրատապ եղանակը, որ ընտրեցինք, մարզերում հասանելի բոլոր հանգստյան տներն ու հյուրանոցներն էին, որտեղ կային ազատ տեղեր։ Մենք ամրագրել ենք դրանք ու խնդրել ազատ պահել», - ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ դիմում են նաև այն քաղաքացիներին, որոնք պատրաստ են իրենց ազատ բնակարաններն ու տները տրամադրել տեղահանվածներին։

 

Ինչ վերաբերում է տեղահանվածներին մայրաքաղաքում բնակության վայր չտրամադրելուն, ապա Տիգրան Խաչատրյանը մանրամասնեց, որ այն ռեսուրսը, որը կպահանջվի մեկ ընտանիքին մայրաքաղաքում բնակության վայրով ապահովելու համար, իրականում բավական կլինի մարզերում մի քանի ընտանիքի բնակության հարցը լուծելու համար։

 

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր անձանց պետբյուջեից միանվագ 100,000-ական դրամ տրամադրելու մասին հայտարարությանը, փոխվարչապետը նշեց, որ առաջիկայում ԼՂ-ից ՀՀ եկած բոլոր անձինք անխտիր հնարավորություն կունենան դիմելու և ստանալու վերոնշյալ գումարը, բանկային քարտերը կբացվեն առաջիկա օրերին։ Նա նաև հավելեց, որ աշխատանքները կիրականացվեն մարզկենտրոններում գործող սոցիալական գործակալությունների միջոցով։

 

Անդրադառնալով դեռևս ԼՂ-ում գտնվող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող անձանց խնդրին, փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը կաջակցի և տրանսպորտային միջոցով կապաահովի Ստեփանակերտում գտնվող բոլոր այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են ՀՀ տեղափոխվել։

Նա հիշեցրեց, որ երեկՀՀ կառավարությունը 40 ավտոբուս է ուղարկել Ստեփանակերտ այնտեղ գտնվող քաղաքացիներին ՀՀ հասցնելու համար։

 

«Այդ մարդիկ դեռ տեղահանված չեն, բայց սպասում են առաջին հնարավոր եղանակին։ Մենք տեղեկություն չունենք, թե այդ 2000 մարդու վերադարձից հետո որքանը կշարունակեն գտնվել Ստեփանակերտում, բայց որքան էլ լինեն, ավտոբուսները վերադառնալու են։ Մենք մինչև վերջին մարդուն աջակցելու ենք, որ ապահովված լինեն տրանսպորտային միջոցով», - ասաց փոխվարչապետը՝ պարզաբանելով, որ որոշումը բավական շուտ է կայացվել, սակայն իրագործվել է ավելի ուշ խցանումներից խուսափելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ