Առողջապահության նախարարությունը՝ պետպատվերի բյուջեն սպառվելու մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է։


Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» «ֆիասկո է ապրել»։ Ընդգծվում էր, որ ընդամենը երեք ամիս է, ինչ տարին սկսել է, բայց պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել եւ սպառվել է։


«Նման բան չկա։ Եթե ունեք բժշկական հաստատության անուն, տվեք խնդրեմ»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։


Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարության 2023 թվական դեկտեմբերի 28-ի թիվ 2344-Ն որոշման համաձայն այս տարվա հունվարի 1-ից փորձարարական եղանակով 6 ամիս ժամկետով պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով փոխհատուցվող թվով 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ը՝ «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ 18 տարեկանից բարձր-1306» և «Վերականգնողական բժշկական օգնություն-1327», համաձայն ՀՀ կառավարության որոշման, սույն թվականի ապրիլի 17-ից սկսած իրականացվում են հերթագրման սկզբունքով՝ «Արդմեդ» հավելվածով սահմանված կարգով և առողջապահության նախարարի կողմից հաստատված ընթացակարգով։


«Պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը մնացած 41 միջոցառումներով/ենթամիջոցառուներով շարունակվում է իրականացվել պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով»,–ասաց նա։


Լրատվամիջոցի տեղեկություններով էլ որոշ հիվանդանոցներ օգտվելով նախարարության շրջաբերականից, բուժառուներին հայտնել են, որ պետպատվերը վերջացել է։ Օրինակ օրեր առաջ հիվանդանոցներից մեկը հաշմանդամության կարգ ունեցող տարեց հիվանդին հայտնել է, որ պետպատվերը վերջացել է և կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման համար անհրաժեշտ է մուծել մոտ 2,5 մլն դրամ։ Հիվանդի հարազատները, բնականաբար, վճարումն արել են։


Հիշեցնենք` պետպատվերի գործընթացում արված փոփոխությունները գործում են հունվարի 1-ից։ Առողջապահության նախարարությունում կա տարեկան բյուջե, որի շրջանակում օֆերտայի սկզբունքներով իրականացնում են ֆինանսավորումը։ Հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի բյուջեի, այլ ամբողջ հանրապետությունում առկա ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի շրջանակներում։

Քաղաքականություն

Պատահարներ