Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից. ԶԼՄ

Այսօր՝ մայիսի 4-ին, Գյումրու Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր էին հայտնաբերվել։


Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան։ Ահազանգը Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 08:05-ին։ Դեպքի վայր է մեկնել սկզբում 2, այնուհետ ևս 2 մարտական հաշվարկ։


Հրդեհի պահին տանը 5 մարդ է եղել։ Նրանցից 3-ը՝ ծնողներն ու 6 տարեկան տղա երեխան դուրս են վազել և փրկվել։ Իսկ 3 և 5 տարեկան երեխաները մնացել են այրվող տան կրակների մեջ։ Աղջիկների մոխրացած դիերը հայտնաբերվել են ննջասենյակում՝ կողք-կողքի՝ իրենց մահճակալների մոտ։


«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով մահացած երեխաները Գյումրու խնամքի կենտրոններից մեկի սաներ են, և միայն շաբաթ-կիրակի օրերին էին տանը լինում։


Նշվում է, որ հրդեհված տունը ընտանիքին չի պատկանում։ Բնակության համար այն իրենց էր տրամադրել ՌԴ-ում ապրող ծանոթներից մեկը։


Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել են, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ կետերով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /2 դրվագ/ (Սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։


Կատարվել է դեպքի վայրի սկզբնական զննում, որի ընթացքում այրված տան մոխրացած տարբեր հատվածներից վերցվել են նմուշներ: Տուժող են ճանաչվել այրված տան ննջասենյակում մահացած հայտնաբերված 2019 և 2020 թթ. ծնված երկու քույրերը։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:


Օպերատիվ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։ Միջոցներ են ձեռնարկվում հրդեհի առաջացման պատճառները և երեխաների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։


Լուսանկարենրը` սկզբնաղբյուր կայքի: 


Քաղաքականություն

Պատահարներ