Աշխատանքի փոփոխության մասին չենք խոսել. որևէ առաջարկ չեմ ստացել. Արթուր Վանեցյան
Ես հուսով եմ, որ դեռևս երկար տարիներ կշարունակեմ պաշտոնավարել որպես ԱԱԾ տնօրեն: Առաջին փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերն էլ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Ծաղկաձորում «Նկատառումներ, շեշտադրումներ, առաջարկություններ լրատվական հանրությանը» թեմայով սեմինարի շրջանակներում ասած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով իր պաշտոնավարման վերաբերյալ հարցին: «Ինձ հետ որևէ մեկը չի խոսել իմ աշխատանքի փոփոխության մասին, որևէ առաջարկ Նիկոլ Փաշինյանից չեմ ստացել և ես շարունակում եմ իմ ծառայությունը որպես ԱԱԾ տնօրեն: Հույս ունեմ, որ կշարունակեմ պաշտոնավարել որպես ԱԱԾ տնօրեն»,-ասաց Արթուր Վանեցյանը: Նա ասաց, որ երկար տարիներ է աշխատել այդ կառույցում. «Երբ լրացավ իմ 20 տարեկանը, ես ընդունվեցի ԱԱԾ համակարգ աշխատանքի և այդ տարիքից ի վեր աշխատել եմ ԱԱԾ-ում և հպարտանում եմ իմ կատարած աշխատանքով: Ինձ համար մեծ հպարտություն է ղեկավարել այս կառույցը: Այս ընթացքում ԱԱԾ-ն փոխել է իր դեմք և դա շատ փոքր մաս է, որը մենք արել ենք մեր գործընկերների հետ»: Վանեցյանի խոսքով՝ 2018-ի մայիսից հետո նոր էջ բացեցին ԱԱԾ պատմության մեջ, այսօր ԱԱԾ-ն գործում է մի իրավիճակում, երբ ԱԱԾ տնօրենը մշտապես հրապարակային ելույթներ է ունենում, հանդիպումներ են լինում լրագրողների հետ և կարծում է՝ դա շարունակական է լինելու: «Նախորդ հանդիպումը, երբ ես նախաձեռնեցի, իմ ավագ գործընկերները դեմ էին, սակայն այդ հանդիպումը տվեց իր արդյունքները»,-ասաց Վանեցյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել ՀՀ առաջին փոխվարչապետ, իսկ նրա փոխարեն ԱԱԾ տնօրեն կարող է դառնալ Ֆելիքս Ցոլակյանը:

Քաղաքականություն

Պատահարներ