ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյումրիում դաժան սպանության հետքերով․ կասկածյալը մանեկենի վրա ցուցադրել է՝ ինչպես է սպանել 63-ամյա կնոջը

Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի Մուրադյանի գլխավորությամբ Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում գտնվող հագուստի խանութ բերվեց ոստիկանների և քննիչների կողմից հայտնաբերված, աղմկահարույց սպանության գործով ձերբակալված, Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Գևորգ Մ-ն։  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, նա խանութի ներսում քննչական խմբին ներկայացրեց՝ ինչպես է մտել ներս, իսկ մանեկենի վրա ցուցադրեց՝ որ դիրքով է 2 անգամ դանակի հարվածով սպանել Գյումրիի բնակիչ՝ 63-ամյա Անահիտ Իսկանդարյանին։ 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք դեկտեմբերի 28-ին Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո Գյումրիում չէին դադարում խոսակցությունները, թե սպանությունը չի բացահայտվի ու կարճ ժամանակ անց այն  կմատնվի մոռացության իսկ հանցագործը կամ հանցագործները ազատ կշրջեն: 

 

Ոստիկանները Գյումրիում աղմկահարույց սպանության կասկածանքով Երևան քաղաքից  ոստիկանության Կումայրիի բաժին էին բերման ենթարկել Երևանի բնակիչ, 50-ամյա Գևորգ Մ.-ին:  Կայքի  տեղեկություններով՝ վերջինս ոստիկանության Կումայրիի բաժնից ներկայացվել էր ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել էր: Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել էր, որ ինքն էր սպանությունը կատարել,  իսկ դրամապանակն ու հեռախոսը այրել էր Գյումրու Երևանյան  խճուղու վերջնամասում, իսկ հանցագործության  գործիք դանակը նետել էր Գյումրի-Երևան ավտոճանապարհին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Քաղաքականություն

Պատահարներ