Քաղաքական դաշտը պետք է «պարզաջրվի». Աբրահամյան

Ի վերջո, պետք է լինի հստակություն, քաղաքական դաշտը պետք է «պարզաջրվի», հասարակության համար պետք է ընկալելի լինի, թե իրականում ով ինչի հետևից է գնում: Այս մասին «Դիմադրության» շարժման երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

 

«Քաղաքական ուժերը պետք է դիրքորոշում արտահայտեն։ Ովքեր դիրքորոշում արտահայտել են՝ գիտենք, ովքեր շարունակում են աջակցել այս իշխանությանը՝ դրա մասին ևս հասարակությունը գիտի», - ասաց պատգամավորը։

 

Լրագրողի դիտարկմանը, թե իշխանական պատգամավորները հայտարարել են, թե «չեն տրվելու ընդդիմության սադրանքներին ու ընդդիմադիրների հրավիրած արտահերթ նիստին չեն մասնակցելու»՝ Տիգրան Աբրահամյանն ասաց.

 

«Այս ընթացքում սադրանքներ միայն եղել է իշխանության կողմից, հիշեք, մայիսի 1-ին ընդառաջ, երբ ակտիվ փուլ էին մտնում ընդդիմության հավաքները, տարբեր իրավապահ կառույցներ հայտարարում էին հնարավոր զինված բախումների, սադրանքների մասին։ Ժամանակը ցույց տվեց, որ դրանք բացառապես հրահրվում են իշխանության կողմից»։

 

Հիշեցնենք՝ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօրվանից սկսում են այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ ուղիղ պահանջով։

Քաղաքականություն