Փաշինյանը չի կարողանում ներել թիմակիցներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու յուրայինների հարաբերություններն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած համագումարից հետո լարվել են:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանը որեւէ կերպ չի հաշտվում կուսակցության վարչության անդամների ընտրության ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծարարության հետ, ինչից հետո վարչության անդամները փոփոխվել էին:

 

Համենայնդեպս, թիմակիցների հետ հանդիպումներին միշտ հիշեցնում է այդ մասին:

 

«Ամեն անգամ, երբ Փաշինյանը ոչ սեփական թիմից նշանակումներ է անում, ու դա հարուցում է յուրայինների զարմանքն ու զայրույթը, վարչապետը բոլորին հորդորում է «հանգիստ նստել տեղները», քանի որ նրանք իր միակ՝ անթերի ու չկեղծված ընտրություններ կազմակերպելու տիտղոսը գետնովն են տվել:

 

Փաշինյանը դա ներել չի կարողանում, քանզի թե՛ ՀՀ-ում գործող քաղհասարակության ներկայացուցիչները, թե՛ եվրոպական տարբեր կառույցներ միշտ էին առանձնացնում 2018թ.-ից ի վեր կազմակերպվող արդար ու թափանցիկ ընտրությունները: Այժմ, սակայն, մերօրյա իշխանություններն այդ մի խաղաթղթից էլ են զրկվել»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց իշխանամերձ մեր աղբյուրը:

 

Մեզ նաեւ փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին ասում է, թե նրանց մեծամասնության հետ այլեւս չի ուզում ճանապարհ գնալ: 

 

Ընդգծում է նաեւ, թե ժամանակն է նոր շունչ հաղորդել ՔՊ-ին, ու հին յուրայիններին նոր յուրայիններով փոխարինել. վերջին ապացույցը ՀՀ փոխվարչապետի պաշտոնում Տիգրան Խաչատրյանի նշանակումն էր:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քաղաքականություն

Պատահարներ