Ունենք բնակավայրեր, որոնք Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ են. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի ագրեսիայի հրետակոծությունից տուժած 162 շենք- շինությունների վերականգնման աշխատանքները 50 և ավելի տոկոսով արվել են, մնացածն ընթացքի մեջ է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

 

Նրա խոսքով՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ սեպտեմբերյան ագրեսիայից հետո որոշակի տագնապային իրավիճակ է եղել, որոշները լքել են բնակավայրերը, սակայն երբ սկսվել են վերականգնման աշխատանքները, հիմնական մասը վերադարձել և միացել է աշխատանքներին։

«Վարդենիս խոշորացված համայնքի հետ միասին կարիքների գնահատման աշխատանքներից հետո գրեթե բոլոր վնասված տներում աշխատանքներ սկսեցինք։ Սակայն դրանք դանդաղում են շինարարների պակասի պատճառով։ Ամեն դեպքում առաջիկայում ևս 40 տան վերականգնման աշխատանքները կավարտվեն»,–ասել է մարզպետը։

 

Նա նշել է, որ կան 4 ամբողջությամբ վնասված և փլուզված տներ, որոնց վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի։ Դրանց բնակիչներին մարզպետարանը գումար է հատկացրել՝ առայժմ տներ վարձակալելու համար։

 

Սահմանային ներկա իրավիճակին անդրադառնալով Սարգսյանը նշեց, որ այս պահին էլ կան բնակավայրեր, որոնք գտնվում են Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ։ Նրա խոսքով` այս փաստը արձանագրվել է նաև միջազգային կազմակերպությունների, դեսպանների, ԵՄ դիտորդների կողմից։

«ԵՄ դիտորդները նաև պարեկային ծառայություն են իրականացրել սահմանով մեկ` 12 բնակավայրերի հատվածով։ Նրանք էլ էին արձանագրել, որ ադրբեջանական ԶՈւ–ի կողմից դպրոցներ, մանկապարտեզներ են ուղիղ նշանառության տակ, ու այդ մասին հայտնել են իրենց ղեկավարությանը»,–ասել է Կարեն Սարգսյանը։

Քաղաքականություն

Պատահարներ