Էմիրություններ գնալն ավելի հեշտ կլինի. ՀՀ կառավարության նոր որոշումը
Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են գնալ ԱՄԷ առանց մուտքի արտոնագրի: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ–ի ու ԱՄԷ–ի կառավարությունների միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին Համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Դեռևս 2017 թվականին մեկնարկել էր Էմիրությունների հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2017թ. հունվարի 19-ի թիվ 24-Ա որոշմամբ համաձայնություն էր տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին Համաձայնագրի կնքման առաջարկությանը, որից հետո, սակայն, գործընթացը կանգ էր առել:
Այժմ գործընթացը վերսկսվել է և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին 2009 թվականի հունիսի 21-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրում լրացումներ կատարելու մասին» Արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։ Մուտքի արտոնագրի պահանջից ազատումը ամուր հիմք կստեղծի գործարար և տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Նշյալ հուշագրում լրացումներ կատարելու մասին արձանագրության ստորագրումը զարկ կտա միջմարդկային շփումներին ու միջմշակութային կապերին՝ նպաստելով երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։