Խզվածքը Հայաստանից բավականին հեռու է և մեզ համար վտանգ չի ներկայացնում. երկրաբանը` երկրաշարժերի ու հետցնցումների մասին

 Թուրքիայում ուժեղ սեյսմիկ ցնցումները հարում են արեւելա-անատոլիկան ակտիվ սեյսմածին բեկվածքին, որն առաջին կարգի է, տարածվում է Թուրքիայի ամբողջ տարածքով, եւ Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտի գիտաշխատող Հրաչյա Պետրոսյանը։ 

Երկրաբանը քարտեզի վրա ցույց է տվել ցնցումների էպիկենտրոնները։ Պատկերված ամեն մի օղակ մեկ սեյսմիկ ցնցում է։ Դեղին գույնը նշանակում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում են գրանցվել այդ սեյսմիկ ցնցումները։ 


 «Պատկերացրեք՝ ինչքան շատ են ցնցումները, որ օղակները վերածվել են մեկ գույնի։ Երեկ երեկոյան եւ այսօր ցնցումներ են գրանցվել նաեւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածի տարածքում, էպիկենտրոնը հենց ծովի մեջ է, այսինքն՝ սեյսմիկ ակտիվությունը տարածվում է դեպի հարավ-արեւմուտք։ Էպիկենտրոններն ունեն որոշակի ձգվածություն, հարում են արեւելա-անատոլական ակտիվ բեկվածքին։ Մենք ականատես եղանք զույգ ուժեղ երկրաշարժ երեւույթի կրկնությանը։ Ճիշտ է, ֆորմալ առումով երկրորդն ավելի թույլ էր, բայց մյուս կողմից էլ բարդ է ասել, որ 7․5 մագնիտուդով երկրաշարժը թույլ է, հետցնցում է»,- ասաց նա։ 

 Հրաչյա Պետրոսյանի խոսքով՝ 1988 թվականին Սպիտակի եւ Թուրքիայի երկրաշարժերն իրենց ուժգնությամբ համեմատել պետք չէ, քանի որ Թուրքիայինն ավելի հզոր է․ Սպիտակինը եղել է 7․0 մագնիտուդ, Թուրքիայինը՝ 7․8, 7․5։ Այլ հարց է զոհերի թվի տարբերությունը, քանի որ Սպիտակում կար 25 հազար զոհ, Թուրքիայում՝ 5000։ Սրա համար նա մի քանի պատճառ ավելացրեց։ 

 «Այս տարբերության առաջին պատճառն այն է, որ խորհրդային տարիներին Հայաստանի տարածքի սեյսմիկ պոտենցիալը որոշված էր 7 բալ, փոքր հատվածում՝ 8 բալ։ Սպիտակի էպիկենտրոնային գոտում՝ այն ժամանակվա Նալբանդ գյուղի մոտ, ունեցանք 10 բալ ուժգնություն, այսինքն՝ երկու բալ ցածր, քան հաշվարկված էր։ Շինությունները կառուցվում էին 7 բալի համար։ Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ շենքերի նախագծերի հաջող եւ անհաջող տարբերակներ կան։ Երկրաշարժից հետո որոշակի տիպային նախագծերով կառուցապատումը եւ շինարարությունը Հայաստանում դադարեցվել է։ Երրորդ գործոնը՝ ցեմենտի, գաջի, ավազի ցածր որակը, բայց այդ էլ գողացվում էին դրանք։ Այդ պատճառով էլ մեր խումբը, երբ որ երկրաշարժից հետո եղավ Սպիտակում, ապա Գյումրիում, տեսավ, որ երկաթբետոնյա պանելների միջից շորի ու կոշիկի կտորներ էին դուրս գալիս ցեմենտի փոխարեն։ Բացի սա մեր ժողովրդի մեծ մասն իրեն համարում է մեծ ճարտարապետ, մեծ շինարար, փոխում է բնակարանի կառուցվածքը, երկուքարանոց կառուցվածքում մեկ քարը հանում է, դարձնում է զգեստապահարան։ Որտեղի՞ց դիմանա շենքը, եթե դու կիսով չափ թուլացնում ես։ Կամ էլ նկուղ էին փորում մի քանի բանկա պահելու համար»,- ընդգծեց երկրաբանը։ 

 Երկրաբանը հավանական է համարել, որ դեռ երկար ժամանակ Թուրքիայում կարող են գրացվել հետցնցումներ, որովհետեւ դրանք բնական երեւույթ են յուրաքանչյուր ուժեղ երկրաշարժի դեպքում։ 

 «Ես նույնիսկ կասեի, որ ոչ միայն առաջին, այլ երկրորդ երկրաշարժը եւս մայրցնցում էր, որովհետեւ երկուսն էլ շատ ուժեղ էին՝ չնչին տարբերությամբ։ Հետցնցումները նշանակում են, որ երկրակեղեւում կուտակված լարվածությունները շարունակվում են լիցքաթափել, ոչ միայն ուժեղ ցնցումի, այլ նաեւ ուժեղ ցնցումների ձեւով, եւ դա շարունակվելու է։ Չի բացառվում, որ այն շենքերը, որոնք չեն փլուզվել գլխավոր ցնցումից, այլ խարխվել են, կարող են փլուզվել հաջորդ ցնցումներից՝ թեկուզ եթե դրանք լինեն ավելի թույլ»,- ասաց Հրաչյա Պետրոսյանը։ 

Հրաչյա Պետրոսյանի խոսքով՝ Թուրքիայի տարածքով անցնող արեւելա-անատոլիական ակտիվ խզվածքը Հայաստանից բավականին հեռու է եւ մեզ համար վտանգ չի ներկայացնում։ 

 «Բացի արեւելանատոլիական ակտիվ խզվածքից Թուրքիայի տարածքով անցնում է նաեւ հյուսիս անատոլիական խզվածքը, որը համարվում է առաջին կարգի խզվածք, վտանգավոր է, ունի բարձր սեյսմիկ պոտենցիալ, այսինքն՝ հնարավոր են ուժեղ երկրաշարժեր։ Այդ երկու խզվածքային գոտիներն արեւելյան հատվածում դեպի արեւելք միանում են իրար, բայց չեն էլ մտնում Հայաստանի տարածք եւ անմիջական կապ մեր տարածքի սեյսմիկ խզվածքների հետ չունեն։ Ես չեմ կարծում, որ վտանգավոր շարունակություն կունենա մեր հանրապետության համար»,- ընդգծեց նա։

Քաղաքականություն

Պատահարներ