Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հին շենքերը նորերով փոխարինելու ուղղությամբ. Սանոսյանը պատասխանեց հարցին

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վստահ է` Հայաստանում գլխավոր խնդիրն այն է, որ խորհրդային տարիներին կառուցված շենքերի սեյսմիկ հզորությունն ու ներկայիս նորմատիվները չեն համընկնում։ Այս մասին Սանոսյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հին շենքերը նորերով փոխարինելու ուղղությամբ։

 

Սուքիասյանը նկատեց, որ խորհրդային տարիներին կառուցված շենքերն անհրաժեշտ է մոտ 10 տարվա ընթացքում փոխարինել նորերով, որոնք կհամապատասխանեն սեյսմիկ անվտանգության նոր նորմերին։

 

«Մեր տարածաշրջանը երկրաշարժերի վտանգով լի է, և պարբերաբար գրանցվում են նմանատիպ դեպքեր։ Նախկինում կարծիք է եղել, որ մեզ մոտ հիմնական ուժգնությունը կարող է 7 բալ լինել, և շատ շենքեր կառուցվել են այդպիսի կարգավորումներով։ Հետո Սպիտակի երկրաշարժի դեպքերը ցույց տվեցին, որ մեզ մոտ ավելի մեծ ուժգնությամբ երկրաշարժեր կարող են լինել, ու շենքերը չեն համապատասխանում ստանդարտներին։ Այստեղ կարևոր է նաև այն, թե երբ են կառուցվել շենքերը, դրանց մաշվածությունը և այլն»,– նշեց Սանոսյանը։

 

ՏԿԵ նախարարը շեշտեց, որ ՀՀ ողջ տարածքում կան ոչ սեյսմակայուն շենքեր և դրանց մեծ մասը Երևանում է։ Ելնելով որոշ շենքերի տվյալ պահի կարգավիճակից, արբերաբար գրանցվել են դեպքեր, երբ մարդիկ դուրս են բերվել, նորն է կառուցվել, մարդիկ այնտեղ են տեղափոխվել։

 

«Այս պահին ավելի խոշոր ծրագիր է իրականացվում, երբ ոչ թե 1, այլ մի քանի շենք գույքագրվում է, որ նմանատիպ կարգավիճակ ունեն: Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին առաջարկում է ծրագիր իրականացնել` վթարային շենքերը քանդել ու նորերը կառուցել»,– ասաց Սանոսյանը։

 

Նա վստահեցրեց, որ սա բավական լավ ծրագիր է ու նմանատիպ ծրագրերը կյանքի կոչելու նոր նախաձեռնություններ կան։ Այս պահին դրանցից ակտիվ է Աջափնյակում իրականացվող ծրագիրը։

 

Նա ընդգծեց, որ այսօր նոր կառուցվող շենքերը սեյսմիկ անվտանգության նորմատիվներին համապատասխանեցնելու ուղղությամբ բազմաթիվ իրավական գործընթացներ են տարվում, փոփոխություններ կան։ Այսօրվա ընդհանուր նորմատիվներում հաշվի են առնվում բոլոր ստանդարտները` կլինի դա պետական շինարարություն` դպրոցներ, մանկապարտեզներ կամ այլ վարչական շենքեր, ինչպես նաև բնակարանաշինության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ