Հայտնի է` ինչ են քննարկել Պենտագոնի ղեկավարն ու Ուկրաինայի ՊՆ նախարարը

 Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ և նրա հետ քննարկել Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի՝ Բրյուսելում կայանալիք հանդիպման առաջնահերթությունները, հայտնում է ԱՄՆ ռազմական գերատեսչությունը։ 

«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսով զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ՝ կապված հաջորդ շաբաթ Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի (UDCG) առաջնահերթությունների հետ, ներառյալ հակաօդային պաշտպանությունը և հրետանին», – ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: 

Ինչպես նշվում է, նախարարները քննարկել են նաև հունվարին կոնտակտային խմբի շրջանակներում խոստացված միջոցների մատակարարման հարցը։ Հայտարարության համաձայն՝ Ռեզնիկովը թարմացում է ներկայացրել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նախարարները պայմանավորվել են նաև պահպանել շփումները։ 

Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։

Քաղաքականություն

Պատահարներ