Ադրբեջանը բնապահպանական հարձակում է սկսել Հայաստանի դեմ. Politico

Եվրոպական հեղինակավոր «Politico» պարբերականը անդրադարձել է ադրբեջանցի «էկոակտիվիստների» գործողություններին և Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։ Պարբերականը նաև անդրադարձել է միջազգային դատարանում ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի հայցին՝ տարածքների աղտոտման, 

Բեռնի կոնվենցիայի խախտման և, այսպես կոչված, բնապահպանական խնդիրներով։

 

«Politico» պարբերականը, մասնավորապես, գրում է. «Ադրբեջանը նոր ճակատ է բացում Հայաստանի դեմ, որն իր մեջ ներառում է ոչ թե տանկեր և հրթիռներ, այլ իրավական փաստաթղթեր և շրջակա միջավայրին վնաս պատճառելու պահանջներ: Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը օգտագործում է բնապահպանական խնդիրը որպես քաղաքական գործիք՝ փոխհատուցում ստանալու կամ տարածքային պահանջներ ներկայացնելու համար»։ 

Ադրբեջանի հայցն ընդդեմ ՀՀ-ի առաջին միջպետական արբիտրաժն է՝ համաձայն Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրերի պահպանման մասին ԵԽ Բեռնի կոնվենցիայի: 

 

«Վերջին երկու տարիներին մենք հայտնաբերել ենք 2020 թվականի պատերազմում ազատագրված տարածքներում շրջակա միջավայրին հասցված վնասի ցնցող ապացույցներ»,-«Politico»-ին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ «Մենք երկու նպատակ ունենք. առաջին՝ հասնել այդ խախտումների իրավական ճանաչմանը և գրավել միջազգային հանրության ուշադրությունը, երկրորդ՝ փոխհատուցումներ և վնասի վերականգնում», - նշել է Մամեդովը։ 

 

«Politico» պարբերականը խոսել է նաև հայկական կողմի հետ և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը «Politico»-ին հաստատել է, որ ծանուցում է ստացել՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի արբիտրաժի, սակայն պնդել է, որ դատական հայցը հակասում է պայմանագրի ոգուն․ «Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանը ընտրել է մրցակցային գործընթաց մի միջազգային փաստաթղթի ներքո, որի նպատակն է խթանել համագործակցությունը պետությունների միջև վայրի բուսական և կենդանական աշխարհը և նրանց բնական միջավայրերը պահպանելու համար»,-ասել են հայկական կողմի ներկայացուցիչները։ 

 

«Հայաստանը մտահոգված է, քանի որ Ադրբեջանի՝ Բեռնի կոնվենցիայի նպատակների հետ առնչություն չունեցող պատճառներով վիճելի ճանապարհով գնալը կարող է վնասակար ազդեցություն ունենալ տարածաշրջանի շրջակա միջավայրի վրա, որը վերջին երկու տարիներին զգալիորեն տուժել է Ադրբեջանի ագրեսիվ պատերազմների արդյունքում»,-հավելել են հայկական կողմի ներկայացուցիչները։ 

 

«Մի շարք միջազգային դիտորդներ, հաշվի առնելով, որ ցուցարարներից քչերն ունեն բնապահպանական ակտիվության որևէ ակնհայտ ապացույց, իսկ պետությունը հաճախ ճնշում է ներքաղաքական բողոքները, պնդում են, որ ցուցարարներին ղեկավարում է Ադրբեջանի կառավարությունը։ Բաքուն, սակայն, հերքում է այդ ամենը»,-ասված է պարբերականի հրապարակած հոդվածում։ 

 

Այնուամենայնիվ, Արցախի հայերը պնդում են, որ Ադրբեջանի կողմից բնապահպանական խնդիրներն օգտագործվում են իրենց վրա ճնշումն ու տարածաշրջանի նկատմամբ Բաքվի վերահսկողությունը ուժեղացնելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ