«Եվրոպական կառույցների ուղղությամբ հայտարարություններ անողները կարող են պարզապես կորցնել երկիրը»․ Վոլոդինը՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավարին

Երկուշաբթի օրը ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավար Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է եվրոպական կառույցներին, մասնավորապես՝ Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը ներգրավելու փորձերի մասով։ Այս մասին գրում է interfax.ru-ն։

 

«Եկեք սկսենք նրանից, որ կա որոշում պետությունների ղեկավարների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով, մենք առաջնորդվելու ենք դրանով և մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այդ պայմանավորվածությունները լինեն։ Եվ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»,- Վոլոդինի խոսքերը մեջբերել է Պետդումայի պաշտոնական կայքը։

 

Պետդումայի խոսնակի կարծիքով՝ ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի ներգրավվածությունը Ղարաբաղի հարցի լուծմանը «կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ նոր խնդիրներ կստեղծի, և եթե դա անեն, ապա պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար»։ 

 

Ըստ Պետդումայի կայքի՝ Միլի Մեջլիսի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերն այս խնդրի լուծման գործում։

Քաղաքականություն

Պատահարներ