Սիրիայի բոլոր շրջաններին, այդ թվում` Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներին օգնություն է պետք. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի բոլոր շրջաններին, այդ թվում՝ Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներին օգնության անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է SANA-ն:
 

Օրեր առաջ գրանցված ավերիչ երկրաշարժի հետևանքով Սիրիայում հիմնականում տուժել են հյուսիս-արևմտյան շրջանները, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության տակ։ Պատերազմից ավերված երկրում նույնիսկ մոտավորապես հնարավոր չէ վնասը գնահատել, գրում է Euronews-ը:


Այժմ ուշադրությունը կենտրոնացված է տուժածներին շտապօգնություն ցուցաբերելու վրա։

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ երկու երկրներում էլ 870 հազար մարդ սննդի հրատապ կարիք ունի։ Թուրքիայում, կառավարության տվյալներով, մոտ մեկ միլիոն մարդ ապրում է վրաններում։ Սիրիայում, ՄԱԿ-ի տվյալներով, 5,3 միլիոն մարդ մնացել է անօթեւան։ Այս ամենը` գիշերը զրոյական ջերմաստիճանի պայմաններում։

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն 16 մլն դոլար է հատկացրել պահուստային ֆոնդից երկու երկրներին օգնելու համար։ Իսկ կիրակի կազմակերպության ներկայացուցիչները դիմել են միջազգային հանրությանը ևս 43 միլիոն գումար հավաքելու համար: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը հատուկ կոչ է արել բոլոր երկրներին մի կողմ թողնել քաղաքականությունը: Այս ֆոնին ՄԱԿ-ը ողջունել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մեղմացման ԱՄՆ իշխանությունների որոշումը։
 

ՄԱԿ-ի օգնությունը գալիս է Սիրիա, սակայն առայժմ գործում է միայն մեկ սահմանային անցակետ։ ՄԱԿ-ի շտապօգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը նույնիսկ թվիթերում գրել է. «Մենք հիասթափեցրել ենք Սիրիայի հյուսիս-արևմուտքի ժողովրդին»:

Քաղաքականություն

Պատահարներ