Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իրանին և ակնկալում է պատասխան․ Հաջիզադե

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Բաքվում Իրանի դեսպանատանը՝ այդ երկրում Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլիի գտնվելու վայրի մասին պարզաբանման նպատակով, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
 

Ըստ նրա՝ «տեղեկություն է տարածվել, թե Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Գերմանիայի Յենի համալսարանի ուսանող, 1997 թվականին ծնված Ֆարիդ Գաբիլ օղլու Սաֆարլին փետրվարի 20-ին այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, սակայն մարտի 4-ից նրա մասին ոչինչ հայտնի չէ։ Այս հարցի վերաբերյալ դիմում է ստացվել ԱԳՆ 2023 թվականի մարտի 9-ին»։
 

Հաղորդվում է, որ տեղեկությունը ճշտելու նպատակով Ադրբեջանի ԱԳՆ-ն Բաքվում Իրանի դեսպանատնից պատասխան է ակնկալում։
 

Բացի այդ, Հաջիզադեն նաև ասել է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումից հետո Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն։

Քաղաքականություն

Պատահարներ