Վերջին 1 տարում Հայաստան է տեղափոխվել բարձր տեխնոլոգիաների շուրջ 2000 ընկերություն. Քերոբյան

Ուկրաինայի իրավիճակի և պատժամիջոցների հետևանքով վերջին 1 տարում Հայաստան է տեղափոխվել բարձր տեխնոլոգիաների (մեծ մասը՝ ծրագրավորման) շուրջ 2000 ընկերություն։ Նրանք հիմնականում Ռուսաստանից են։ Այս մասին Երևանում անցկացվող DigiTec բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Նրա խոսքով` շուրջ 50 հազար ծրագրավորող ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի այլ մասնագետներ են տեղափոխվել Հայաստան։ Ըստ Քերոբյանի`  դա ցույց է տալիս, որ Հայաստանում գործող բաց տնտեսության մոդելը թույլ է տալիս ներգրավել բարձր տեխնոլոգիաներ։

Նախարարի պնդմամբ` ռուսական ընկերությունները և մասնագետներն իրենց հետ աշխատանքային նոր մշակույթ ու մասնագիտական գիտելիքներ են բերել։

 

Քերոբյանն ընդգծեց, որ կառավարությունը մի շարք օժանդակ միջոցներ է ձեռնարկում բիզնեսի արդիականացման համար։ Ծրագրերից մեկը նոր սարքավորումների ձեռքբերման համար վարկերի տոկոսների սուբսիդավորումն է, մյուսը` հրավիրված բարձրակարգ մասնագետների աշխատավարձի մասնակի սուբսիդավորումը։ Առաջին ծրագրով բիզնեսից արդեն ստացվել է ավելի քան 1200 հայտ, երկրորդ ծրագրով` մոտ 300։

Առաջիկայում կսկսի գործել նաև երրորդ բաղադրիչը` բիզնես գործընթացների թվայնացման ծախսերի սուբսիդավորումը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ