«Մի ադրբեջանցի մտավ, մեզ ասաց՝ здравствуйте». արցախցին մանրամասներ է պատմում Շուշիում տեղի ունեցած երեկվա միջադեպից

Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության հետեւանքով ավտոբուսում ընդհանուր սթրեսային վիճակ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Արցախ մեկնող քաղաքացիներից Կարինե Աղաջանյանը:

 

«Մենք Հայաստանից ճանապարհվեցինք, հասանք Շուշի, այնտեղ մեզ թույլ չտվեցին անցնել, կանգնեցրին մեքենան, ասացին՝ իբր ստուգումներ ենք անցկացնում, մի ադրբեջանցի մտավ, մեզ ասաց՝ здравствуйте: Սթրեսային վիճակ էր ընդհանուր, մի քանի կանայք վատացան: Բանակցություներ ընթացան եւ որոշվեց, որ մեզ չթույլատրեն մեզ մեկնել Արցախ: Մենք պնդեցինք, որ ուզում էինք մնալ այնտեղ, որ գուցե կարողանայինք անցնել, բայց ապարդյուն, չկարողացանք անցնել»,- պատմել է քաղաքացին:

 

Կարինե Աղաջանյանն ասաց, որ Գորիսում է մնացել իր ամուսնու հետ, իր որդիներից մեկն ընտանիքի հետ Ստեփանակերտում է, մյուս որդին՝ Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում.

 

«Գնում էի իմ տուն, երեխեքիս մոտ, ռուս խաղաղապահների օգնությամբ էինք կարողացել գնալ, ես գնացել էի Ռուսաստան՝ թոռնիկիս ծնունդն էր, մնացի 2 ամիս Ռուսաստանում, հետո 1 ամիս էլ Երեւանում մնացի, եկա Գորիս այն հույսով, որ գոնե այստեղից կարողանամ գնալ իմ տուն: Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղ իմ 18 տարեկան որդիս»:

 

Հիշեցնենք, որ մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ եւ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղեւորվել են դեպի Ստեփանակերտ։ Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Դրա հետեւանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի եւ ադրբեջանցիների միջեւ անարդյունք բանակցություններից հետո մեքենաները վերադարձել են Գորիս։

Քաղաքականություն