ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Եթե շինաղբավայր տեղափոխելու փաստաթղթեր չունեցան, մեզ հետ խնդիր են ունենալու». Ավինյան

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստին անդրադարձ է եղել չսահմանված վայրերում շինարարական աղբ թափելու խնդրին։

 

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրեց, որ վարչական շրջանների ղեկավարների հետ կազմակերպվել են շրջայցեր. «Արաբկիրի շրջանի ղեկավարի կողմից արգելափակվել են որոշ մուտքեր, որ այլևս որևէ մեքենա չներթափանցի։ Նույնն արել է Մալաթիա-Սեբաստիա շրջանի ղեկավարը։ Նույն միջոցառումները կանենք Շենգավիթում, այնտեղ էլ է խնդիրը սրված։ Միակ ճանապարհն այդ տարածքների արգելափակումն է»,- ասաց նա։

 

Ըստ Արեյանի՝ պայմանավորվածություն կա պարեկային ծառայության հետ՝ շարունակել ամենօրյա ստուգումները։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ պայքարում են հետևանքների դեմ, բայց պետք է անդրադառնալ խնդրի սկզբնաղբյուրին. «Սկզբնաղբյուրը շինհրապարակներն ու շինարարարներն են, որ այս համապատասխան մաֆիային տալիս են շինաղբից ավելի էժան ձերբազատվելու հնարավորություն։ Այսուհետ ավարտական ակտերը պետք է կապենք նրա հետ, թե շինարարը, շինարարությունն իրականացնելիս, ստացե՞լ է համապատասխան շինաղբավայրի փաստաթղթերը»։

 

Ըստ Ավինյանի՝ շինարարական կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան փաստաթղթեր, թե որտեղ են տեղափոխել շինաղբը. «Եթե այդ փաստաթղթերը չունեցան, թե որ շինաղբավայր են տեղափոխում շինաղբը, մեզ հետ խնդիր են ունենալու»։

Քաղաքականություն

Պատահարներ