Ադրբեջանցիները զոհված զինծառայողի՞ տան դուռն են թակել․ Սիսիանի համայնքապետը մեկնաբանում է

Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողներից մեկն այցելել է այն տունը, ուր մեկ ամիս առաջ գնացել էր Աննա Հակոբյանը։ 

 

«Ուշագրավ է, որ ադրբեջանցիները Բնունիսում թակել են 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի տան դուռը, ում տուն ընդամենը մեկ ամիս առաջ, դստեր հետ, այցելել էր վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։ Համայնքում կատարվածը զուտ պատահականություն չեն համարում` տարբեր վարկածներ են քննարկում», - նշում էր «Հրապարակ» -ը։ 

 

Քանի որ երեկ լրատվամիջոցներում նշվում էր, թե Մաթևոսյանների տուն են մտել, Auroranews-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Սիսիանի համայնքապետի հետ, վերջինս նշեց․ «Լավ, ընդունենք կապվում է Գասպարյանների անվան հետ՝ հետո՞»։ Դիտարկմանը, եթե ադրբեջանցին հենց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի տուն է գնացել, հնարավոր է սրանից ենթադրություններ անել, որ չեն կորել կամ մոլորվել, հետախուզության են եկել, խուճապ տարածելու են եկել, նշեց․ «Էդ դուք չեք որոշում։ Դուք, որ էդքան բաների մեջ խորանում եք, դուք ավելի շատ մտածեք, որ երկրին ավելի շատ վնաս եք տալիս»։ 

 

Զարմանալի է, որ այս իրավիճակում Սիսիանի համայնքապետը փորձում էր մեղադրել լրատվամիջոցին, որը ճշտում էր տարածվող տեղեկությունների իսկությունը։ 

 

Հատկանշական է, որ լրատվամիջոցների մեղքով չէ, որ ադրբեջանցիները հայտնվել են ՀՀ տարածքում, նրանցից մեկն էլ դեռ ազատության մեջ է։

Քաղաքականություն