«ՀՀ-ն կարող է յուրօրինակ էլեկտրաէներգետիկական հանգույց դառնալ տարածաշրջանում». Փաշինյան

Հայաստանը կարող է յուրօրինակ էլեկտրաէներգետիկական հանգույց դառնալ տարածաշրջանում: Այս մասին Սոչիում Եվրասիական Կոնգրեսի լիագումար նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների ազգային տնտեսությունների ներուժի ամրապնդումը պայմանավորված է էներգաանվտանգության ապահովման գրագետ մոտեցմամբ:

 

«Ելնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններից՝ մեզ անհրաժեշտ է նոր մոտեցում էներգետիկ օրակարգին։ Հայաստանում ներկայում փուլային անցում է կատարվում էներգետիկ շուկայի ազատականացմանը։ Հայաստանը զարգացնում է արտադրական հզորությունները, իրականացնում է էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում։ Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը նոր հնարավորություններ կստեղծի տարանցիկ, ներմուծման, արտահանման կամ էլեկտրաէներգիայի սեզոնային փոխանակման ավելացման համար: Այս տեսանկյունից Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույց»,- նշել է ՀՀ վարչապետը։

 

Նա ընդգծել է, որ կարևոր է նաև ածխածնային չեզոքության և կանաչ էներգիայի զարգացման հասնելը: Այս հարցերն ամուր տեղ են գտել էներգետիկ և տնտեսական օրակարգում։

 

Փաշինյանը կարևոր է համարել վերականգնվող էներգետիկայի ներուժի առավելագույն օգտագործումը։ Դրանք կարող են խթանել տնտեսական աճը և նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանը։ Հայաստանի վարչապետը վստահ է՝ ներդրումներ կատարելով այս ոլորտում ՝ կարելի է մեծացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի ներդրումը:

 

Այս համատեքստում Փաշինյանը կարևորել է նաև ատոմային էներգետիկայի զարգացումը։ Այն առանցքային դեր է խաղում ԵԱՏՄ երկրների էներգաանկախության և էներգաանվտանգության ապահովման գործում։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն աշխատանքներ է տանում հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ՝ այն համարելով առաջնահերթություն երկրի էներգետիկ քաղաքականության մեջ:

Քաղաքականություն