«Ստեղծված է ԵԱՏՄ-ում»․ Պուտինը խոսել է միասնական արտադրական բրենդ ստեղծելու մասին

ԵԱՏՄ տարածքում պետք է ստեղծել համատեղ արտադրություն թողարկել ընդհանուր առևտրային անվան տակ՝ «Ստեղծված է ԵԱՏՄ-ում»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

 

«Կարծում եմ, որ բոլորիդ համար ընդունելի կլինի նաև «Ստեղծված է ԱՊՀ-ում» տարբերակը։ Դա պետք է լինի բրենդային արտադրանք։ Այդ բրենդային արտադրանքը պետք է հայտնի լինի, ճանաչելի լինի և օգտագործվի մեր միության երկրներում։ Կարևորն այն է, որ մեր բոլոր երկրներում դա լինի միասնական արտադրանքի և համագործակցության արդյունք»,- ընդգծել է Պուտինը։

 

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկից իրեն հեռու պահել և ծրագրեր չկան ամեն գնով արտադրել ամեն ինչ․ Ռուսաստանի Դաշնությունը կմնա համաշխարհային տնտեսության մաս։

 

«Մենք, իհարկե, չենք պատրաստվում որևէ մեկից մեզ պատնեշել համաշխարհային տնտեսության մեջ, հատկապես համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարային կենտրոններից: Սա չի նշանակում, որ մենք բոլորս պետք է ամեն գնով արտադրենք միայն մեր միության ներսում։ Նման բան չկա։ Մենք կձգտենք, և, անշուշտ, կմնանք համաշխարհային տնտեսության զգալի և կարևոր մաս»,- ասել է Պուտինը։

 

ՌԴ նախագահը նաև հավելել է, որ տեխնոլոգիական անկախությունը ևս շատ կարևոր է և պետք է հասնել էներգետիկ ինքնաբավության, որպեսզի միության երկրներն իրենց համար խիստ կարևոր ոլորտներում որևէ կախվածություն չունենան դրսի շուկաներից կամ համապատասխան ընկերություններից։

 

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը:

Քաղաքականություն