Բաքուն փորձում է ավելին ստանալ բանակցություններում․ Խանդանյան

Վերջին շրջանում փոխհրաձգության ակտիվացումը և Երասխի իրադարձությունները մտահոգիչ են, հատկապես, որ դրանք զուգահեռ են՝ ակտիվ բանակցային գործընթացին։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

 

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը բանակցություններին ընդառաջ կամ դրանից հետո փորձում է ավելի ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել՝ փորձելով ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ:

 

«Երեկվա միջադեպը հատկանշական է նրանով, որ քաղաքացիական ենթակառուցվածքներն են թիրախավորել, թիրախավորել են գործարանը, որտեղ ամերիկյան ներդրումներ կան  ու, որը չափազանց կարևոր պրոյեկտ է Հայաստանի Հանրապետության համար։

 

Սա չի փոխում մեր դիրքորոշումները, մենք բարձրաձայնում ենք այս միջադեպերի մասին, ես գիտեմ, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը ևս արձանագրում է սրանք եւ անդամ երկրների պարբերաբար հաղորդում է իր դիտարկումների մասին: Կարծում եմ՝ երեկվա միջադեպով էլ վստահաբար պետք է լինի»,- նշել է նա։

 

Խանդանյանն ընդգծել է, որ այս ագրեսիան զսպելու լավագույն միջոցը խաղաղությունն է.

 

«ՀՀ Կառավարությունը արել է առավելագույնը՝ ցույց տալու հանձնառությունն ու նվիրվածությունը այս գործընթացին: Սա նաև ակնհայտ է միջազգային գործընկերների համար, և մեր կոչն է, որ զսպեն Ադրբեջանին և բերեն կառուցողական դաշտ»,- ասել է նա և հավել.

 

«Պետք է շարունակել պահպանել գործընթացի դինամիկան, և հույս ունեմ, որ մոտ ապագայում կկազմակերպվեն վաշինգտոնյան բանակցությունները: Նաև երկու երկրի ղեկավարի բանակցություն է նախապատրաստվում Բրյուսելում»:

Քաղաքականություն