ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստանը, ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել». Փաշինյան

«Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի շարունակական դիվանագիտական աշխատանքը։ Որքան էլ ծանր լինի բարոյական, քաղաքական կամ էմոցիոնալ առումով, մենք որևէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության այսօրվա նիստին։

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտականությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով. «Ստիպված եմ կրկնել․ Հայաստանը, ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել ու նման որևէ մեկնաբանություն երբևէ չի ընդունի»։

 

Որպես ասվածի ապացույց, Փաշինյանը հիշատակեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը. «Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը, բազմիցս հայտարարել և հայտարարում ենք, որ պատրաստ ենք դրան։ Արդեն վաղուց Հայաստանի կառավարության որոշման նախագիծ է՝ դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսված է Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք հսկիչ անցակետի հիմնում մեր կողմից։ Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի նախատեսել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին»,- շեշտել է նա։

 

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը նման մոտեցում է ցուցաբերում, քանի որ չի հրաժարվել Հայաստանը շրջափակման ենթարկելու՝ 30-ամյա քաղաքականությունից։

 

Վարչապետն անդրադարձել է նաև ականապատման հարցերով Հայաստանին ուղղված ադրբեջանական մեղադրանքներին։ Նա հիշեցրել է, որ արդարադատության միջազգային դատարանը հերքել է Հայաստանին ուղղված այդ մեղադրանքները. «Եվ հետո, հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունն ու վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների ականադաշտերի քարտեզներ, որոնց օգտագործմամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման լայնածավալ աշխատանքներ։ Իսկ Ադրբեջանը, սրան ի պատասխան, ոչ մի համարժեք քայլ չարեց ու մինչև օրս շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն»։

 

Փաշինյանը նշեց, որ որքան էլ իրերի դրութունը դժվար է, խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի։

Քաղաքականություն