Հրազենային վիրավորումից մահացած Ալեքս Ավանեսյանը Գետամեջ գյուղից էր, տան միակ զավակն էր

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Սուրենի Ավանեսյանը Կոտայքի մարզի Գետամեջ գյուղից էր: NEWS.am-ին հարեւանուհիներից մեկը պատմել է, որ Ալեքսը տան միակ զավակն էր, ապրում էր մոր եւ տատիկի հետ:

 

«Սովորական ընտանիք էր, սովորական սոցիալական պայմաններով էին ապրում, մայրը աշխատում էր, ինքն էլ մորն էր օգնում: Բանակ է զորակոչվել 20 տարեկանում, մինչեւ այդ Աբովյան քաղաքում էր սովորում՝ ծրագրավորող էր: Շատ խելոք, լավ երեխա էր, ափսոս, ես չեմ հավատում, որ ինքը չկա: 

 

Վերջերս որ մորը տեսա, հարցրի Ալեքսից, ասաց՝ նորմալ է, լավ է, խոսում ենք»,- պատմել է հարեւանուհին եւ հավելեց, որ Ալեքսը ծառայում էր Տավուշի մարզի զորամասերից մեկում:

 

Հավելենք, որ Ալեքս Ավանեսյանի մահվան դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Քաղաքականություն

Պատահարներ