Մասկը փորձել է ՌԴ–ից հրթիռներ գնել և բանակցությունների ընթացքում օղի խմելուց հետո ուշագնաց է եղել

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը 2000-ականների սկզբին հրթիռների գնման շուրջ բանակցելու նպատակով Մոսկվա կատարած այցի ժամանակ կորցրել է գիտակցությունը մի քանի բաժակ օղի խմելուց հետո և գլուխը խփել սեղանին։ Այս մասին ասվում է գործարարի նոր կենսագրության մեջ, որը գրել է լրագրող Ուոլթեր Այզեքսոնը։ Դրա հատվածը վերապատմում է Business Insider-ը։ 

Գրքում ներկայացված հանդիպումը տեղի է ունեցել նախքան Մասկի կողմից SpaceX-ի հիմնադրումը 2002 թվականին։ Գործարարը ցանկացել է գործարկել Mars Oasis առաքելությունը, որը ներառում էր ջերմոցների ուղարկում Մարս: Մասկը ռուս բիզնեսմենների հետ գործարար հանդիպմանը ներգրավել է հրթիռային ինժեներ Ջիմ Քանթրելին և Founder Institute բիզնես–ինկուբատորի հիմնադիր Ադեո Ռեսիին:

«Մոսկվա ժամանելու նախօրեին Մասկը չափազանց շատ է խմել Փարիզում գիշերային երեկույթի ժամանակ»,– գրում է Այզեքսոնը։ Ալկոհոլը մատուցվում էր նաև ռուս գործարարների հետ ընթրիքի ժամանակ՝ «սննդի փոքր չափաբաժիններով, օղու մեծ չափաբաժիններով»:

Այզեքսոնի գրքում նշվում է, որ ճաշի ժամանակ Մասկը, ով ձեռքով պահում էր գլուխը, կորցրել է գիտակցությունը և հարվածել այն սեղանին։

 

Գործարարի մեկ այլ ձախողում է եղել այն, որ նա սխալմամբ կարծել է, թե համաձայնել է գնել երկու «Դնեպր» հրթիռային սարք 18 միլիոն դոլարով, մինչդեռ վաճառողները յուրաքանչյուրի համար էին 18 միլիոն դոլար պահանջում։ Երբ Մասկը հրաժարվել է, գինը բարձրացվել է մինչև 21 միլիոն դոլար մեկ հրթիռի համար։ Բանակցող Ջիմ Քանթրելի խոսքով՝ ռուս գործարարները ծաղրել են միլիարդատիրոջը փող չունենալու համար։ Մասկը չի պատասխանել Business Insider-ի մեկնաբանության խնդրանքին։ 

Ամերիկյան լրատվամիջոցներն արդեն մի քանի օր է՝ հատվածներ են հրապարակում Մասկի նոր կենսագրությունից։ Մասնավորապես, գրքից պարզ է դառնում, որ 2022 թվականին գործարարը իբր հրամայել է անջատել Starlink արբանյակային կապի ցանցը Ղրիմի տարածաշրջանում և դրանով իսկ խափանել ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումը ռուսական նավատորմի նավերի վրա։ 

Ինքը՝ Մասկը, բացատրել է, որ Starlink-ն ի սկզբանե ակտիվացված չի եղել այս տարածաշրջանում, և Ուկրաինայի իշխանությունները խնդրել են այն միացնել։ Մասկը հրաժարվել է, քանի որ այս դեպքում SpaceX-ը «ակնհայտորեն ներգրավված կլինի պատերազմի և հակամարտության սրման մեջ»: 

Բացի այդ, կենսագրությունից հայտնի է դարձել, որ Մասկը և երգչուհի Գրայմսը երրորդ երեխա են ունեցել, ում անվանել են Տաու Տեխնո Մեխանիկուս։ Մինչ այս ենթադրվում էր, որ նրանք համատեղ երկու երեխա ունեն՝ որդի և դուստր։ Մասկը հաստատել է ևս մեկ որդու ծնունդը։ 

Քաղաքականություն

Պատահարներ