«Կրոկուսի» ահաբեկչությունն իրականացնողները կալանավորվել են․ ինչ է նրանց սպասվում

Մոսկվայի Բասմանի դատարանը երկու ամսով կալանավորել է «Կրոկուս Սիթի Հոլի» վրա հարձակման գործով չորս անձանց՝ Մուհամադսաբիր Ֆայզովին, Ֆարիդունի Շամսիդինին, Դալերջոն Միրզոևին ու Սաիդակրամի Ռաչաբալիզոդային, որոնց պատճառով 137 մարդ Է զոհվել: Բոլոր չորսը Տաջիկստանի 19-32 տարեկան քաղաքացիներ են։ Դատարանում նրանցից առնվազն երկուսն ընդունել են իրենց մեղքը։ Ահաբեկչության քրեական գործով նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։


Ուրբաթ, մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգից առաջ, զինված մարդիկ կրակ են բացել Կրասնոգորսկի համերգասրահում և հրկիզել այն։


Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 137 մարդ, տուժել է ավելի քան 180- ը. նրանք վնասվածքներ են ստացել, այրվածքներ: ԱԻՆ-ը հրապարակել է առաջին դատաբժշկական հետազոտությունների արդյունքներով մահացածների ցուցակը, այժմ այնտեղ կա 68 մարդ, ցուցակը կլրացվի:


Պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը» (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում)։ Արևմտյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ ահաբեկչության հետևում կանգնած է ԻՊ-ի աֆղանական ճյուղը՝ «ԻԼԻՊ-Խորասանը» կամ «Վիլայաթ Խորասանը» (նույնպես ահաբեկչական է ճանաչվել և արգելված Է ՌԴ-ում):


Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասի Բ կետով (ահաբեկչական գործողություն): Այս հոդվածով ցմահ ազատազրկում է սպառնում։


Մարտի 23-ի առավոտյան ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ հարձակման անմիջական մասնակիցներից չորսը։ Նրանց բռնել են Բրյանսկի շրջանում։ ԱԴԾ-ի պնդմամբ՝ նրանք «պլանավորում էին անցնել ռուս-ուկրաինական սահմանը» և «շփումներ ունեին Ուկրաինական կողմում»։


Բասմանի դատարանի նիստերը մարտի 24-ի ուշ երեկոյան անցել են փակ ռեժիմով։ Դատարանը համաձայնել է մեղադրող կողմի այն կարծիքին, որ բաց լսումները «կարող են հանգեցնել քննչական գաղտնիքի հրապարակմանը», ինչպես նաեւ «սպառնալ դատավարության մասնակիցների եւ նրանց հարազատների անվտանգությանը»:


Դատարանը նրանց կալանավորել է մինչև 2024 թվականի մայիսի 22-ը։

Քաղաքականություն