Մեր ռազմական պլանավորման մեջ դրանք կլինեն առաջին պլանում․ ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները, եթե դրանք մշտապես գտնվեն Լեհաստանի տարածքում, օրինական թիրախ կդառնան Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։


«ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելությունների պրակտիկայի ընդլայնումը զուտ ապակայունացնող բնույթ է կրում։ Անվտանգության այս ուղղությամբ տեղաշարժերը Լեհաստանին չեն ավելացնի, իսկ համապատասխան օբյեկտները հաստատ կդառնան թիրախ։ Մեր ռազմական պլանավորման մեջ դրանք կլինեն առաջին պլանում»,- ասել է Սերգեյ Ռյաբկովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։


Նա նշել է, որ դաշինքի միջուկային ուժերի մոտենալը Ռուսաստանի սահմաններին սրում է սպառնալիքները։ Ուստի Մոսկվան ուշադիր հետևում է, թե ինչպես է Լեհաստանում զարգանում իր համար վտանգավոր օբյեկտների տեղակայման թեման։


Ավելի վաղ Լեհաստանի ղեկավար Անջեյ Դուդան հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է իր մոտ տեղակայել ԱՄՆ-ի միջուկային զենքը: Նրա խոսքով՝ այդ հարցը բազմիցս քննարկվել է ամերիկացի գործընկերների հետ։ Դրա համար նա առաջարկել է օգտագործել Nuclear Sharing համակարգը։  Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն անուշադրության չի մատնի այդ թեման:

Քաղաքականություն

Պատահարներ