Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն իր ասածը․Եղոյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրացնում նաև Ռուսաստանի առաջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Եղոյանն ասել է. «Անդրադառնալով պարոն Լուկաշենկոյի հայտարարությանն՝ անհրաժեշտ եմ համարում անել մի քանի կարևոր արձանագրում: Ցավոք, պարոն Լուկանշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան: Ցավոք, պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը և չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում պարոն Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը: Հայաստանը տրամադրված է շարունակել քննարկումները ՀԱՊԿ շրջանակում՝ կազմակերպության անդամ երկրների փոխադարձ դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ»:

Քաղաքականություն

Պատահարներ