Ստուգումներ գազալցակայաններում․խախտումներն անպակաս են
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ-ի օգոստոսի 28-ի №1101-Ն որոշմամբ հաստատված «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգի» (այսուհետ` Կանոնակարգ) պահանջների կատարման և պահպանման նկատմամբ: Համաձայն Կանոնակարգի Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում լիցքավորման համակարգի բաղադրիչներին եվ տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացված պահանջների պահպանման նկատմամբ: 2018թ-ի ընթացքում ԱԳԼՃԿ ոլորտում ստուգումներ են իրականացվել թվով 25 տնտեսվարողների մոտ: Բոլոր տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ, մասնավորապես. 1․ գազը լիցքավորվում է խորանարդ մետրով՝ կիլոգրամի փոխարեն, 2․ գազի ճնշումը գերազանցում է թույլատրելի՝ 6ՄՊա, չափը, 3․ օգտագործվող չափման միջոցները ստուգաչափված չեն, 4․ լիցքավորման աշտարակների վրա բացակայում են լիցքավորման ճիշտ եղանակը նկարագրող հրահանգները: Տեսչական մարմինը հորդորում է տնտեսվարողներին՝ լինել բարեխիղճ, խուսափել խախտումներից (սահմանված չափից ավելի գազ լիցքավորելը կարող է դժբախտ հետևանքներ ունենալ), իսկ սպառողներին՝ լինել հանրային վերահսկող, պահանջատեր և համագործակցել Տեսչական մարմնի հետ:

Քաղաքականություն

Պատահարներ