Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերը 75-ն են. ՊՆ մամուլի խոսնակ. Tert. am
Շատ կարևոր է հստակեցնել ապրիլի 4 օրվա ընթացք և հետագա ընթացք հասկացությունները: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ քանի կորուստ է ունեցել հայկական զինված ուժերը: «Զոհերի թիվը նշելիս պետք է ֆիքսվել առաջին 4 օրվա վրա, որովհետև մարտերի ծանրությունը եղել է 4 օրվա ընթացքում: Եթե մենք հետագա օրերի կորուստները սկսենք հաշվել, այդպես կարող ենք հաշվել ամբողջ տարվա կորուստները: Այս երեք տարում լարվածության ամպլիտուդ էր լինում, դիվերսիա էր լինում, երկու-երեք զոհ էինք ունենում, նորից իջնում էր: Դրա համար, եթե ասում ենք ապրիլյան զոհեր, ճիշտ կլինի ֆիքսվենք առաջին 4 օրվա վրա, իսկ եթե 4 օրվա կորուստներն ենք ֆիքսում, ապա 4 օրվա կորուստը կազմում է 75 մարդ՝ 61 զինծառայող, ուզում եմ կարևորել, որ նրանցից կեսը սպաներ են եղել, 12 աշխարհազորային, 2 պահեստազորային: Աշխարհազորայինն ու պահեստազորայինը զինծառայողներ չեն, բայց գալիս էին, որ մտնեն զինծառայության մեջ, բայց շատերը չէին էլ հասցրել մտնել ծառայության մեջ»,- ասաց նա և հավելեց, որ ունեցել ենք նաև 4 քաղաքացիական զոհ՝ մեկ երեխա և երեք ծերունի: Արծրուն Հովհաննիսյանը կոչ արեց, որ մարդիկ մի քիչ զուսպ լինեն մարդկային կյանքերի, զոհերի մասին արտահայտվելիս: «Ասում են՝ հարյուրավոր զոհեր են եղել, չի կարելի այդպես»,- նշեց նա: Ճշտող հարցին՝ առաջին 4 օրերին վիրավորվածները և հետագայում մահացածներն էլ են հաշվվում այդ 75 զոհերի մեջ, նա պատասխանեց. «Բարեբախտաբար, այդպիսի մեծ թիվ չունենք: Դա չեմ կարող ասել, որովհետև մարդ կա՝ ահագին ուշ է մահացել»:

Քաղաքականություն

Պատահարներ