Հայ շախմատիստուհին՝ Թուրքիայում կայանալիք միջազգային մրցաշարից իրեն հեռացնելու մասին

Ադրբեջանցի մասնակիցների պահանջով շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի կանանց հավաքականի անդամ Մարիա Գևորգյանին խնդրել են հրաժարվել Թուրքիայում անցկացվելիք միջազգային մրցաշարից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց շախմատիստուհի Մարիա Գևորգյանը:

ՖԻԵԴ-ի միջազգային վարպետը պատմեց, որ Sivas Buruciye Сhess Open 2019-ի կազմակերպիչ Մուսթաֆա Էրոգլունից ստացել է նամակ հետևյալ բովանդակությամբ․ ադրբեջանցիները խնդրանք են ներկայացրել առ այն, որ եթե հայ շախմատիստ խաղա, իրենք չեն մասնակցի մրցաշարին: Գևորգյանի խոսքով՝ նախկինում նման դեպքեր չեն եղել:

«2018 թ.-ին միայն բոյկոտել ենք Բաքվում խաղալու համար, սակայն այլ չեզոք երկներում իմ կամ գործընկերներիս հետ որևէ դեպք չի եղել: Կարծում եմ՝ սպորտն ու քաղաքականությունն ընդհանրապես պետք է իրար հետ չկապվեն, քանի որ մենք՝ ամեն մեկս մեր գործն ենք անում: Անցած տարի մենք և՛ ադրբեջանցիների հետ ենք խաղացել, և՛ թուրքերի: Միայն մեր երկրները չեն, որ խնդիրներ ունեն,  այլ երկրներ էլ կան, որ միմյանց հետ հաշտ չեն, բայց համերաշխ խաղում են»,- ասաց նա:

Թուրքիայի նման պահվածքը Մարիա Գևորգյանի համար անընդունելի է: Նա շեշտեց, որ տարբեր ազգությունների հետ խաղացել է, միշտ հարգանքով է վերաբերվել իր յուրաքանչյուր մրցակցին՝ առանց որևէ կարևորություն տալու, թե ինչ ազգության է պատկանում դիմացինը:

«Անընդունելի երևույթ է: Երբ նամակն ստացա, ոչ թե ինձ համար վատ զգացի, այլ վիրավորվեցի ՀՀ-ի, շախմատի համար, ինչու չէ՝ նաև այն բանի համար, որ խախտվել է արդարության սկզբունքը: Կարող էին ասել, որ ֆինանսական խնդիր է, իրենք չեն կարող ապահովել և այլն, և ես բացարձակ վատ չէի զգա»,- շարունակեց Մարիա Գևորգյանը:

ՖԻԴԵ-ի միջազգային վարպետի խոսքով՝ այս ընթացքում ինքն աջակցություն է ստացել այլազգի մարզիկներից, այդ թվում՝ ազգությամբ թուրքերից:

«Արձագանքներ եղել են այս երկու օրվա ընթացքում, ազգությամբ թուրք շախմատիստներից ներողության նամակ ստացա: Ադրբեջացիների կողմից նամակ չի եղել, բայց ստացել եմ մեկնաբանության տեսքով, որ ադրբեջանական կողմը կապ չունի և իրենք էլ հույս ունեն, որ մեղավորները կպատժվեն»,- ընդգծեց շախմատիստուհին:

Մարիա Գևորգյանը հավելեց, որ, անկախ ամենից, ինքը մարզիկ է, և Թուրքիայից այլ հրավերներ ստանալու դեպքում բացասական արձագանք չի տա:

Քաղաքականություն

Պատահարներ