Թրամփի գրասենյակը իմփիչմենթի գործընթացի վերաբերյալ մանրամասներ է հայտնել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գրասենյակը հայտարարել է, որ փաստաբաններ Դեյվիդ Շոնը և Բրյուս Կաստոր կրտսերը կգլխավորեն վերջինիս իմփիչմենթի գործով իրավաբանական թիմը, փոխանցում է Axios-ը։

Թրամփը նոր նշանակումների մասին հայտարարել է իր թիմից երկու իրավաբանների՝ Դեբորա Բարբյեի և Բուտչ Բաուերսի՝ իրավաբանական թիմը լքելուց հետո: Հետագայում հայտնի է դարձել, որ Թրամփին լքել են ևս երեք իրավաբաններ՝ վերջերս թիմին միացած Ջոշ Հովարդը, ինչպես նաև Ջոնի Գեսերը և Գրեգ Հարիսը:

ԱՄՆ նախկին առաջնորդի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ Դևիդ Շոնն «արդեն համագործակցել է 45-րդ նախագահի և այլ խորհրդականների հետ՝ առաջիկա դատաքննությանը նախապատրաստվելու շրջանակներում», ինչպես նաև, որ փաստաբանները իմփիչմենթը հակասահմանադրական են համարում:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի շենքում անկարգություններ հրահրելու մեղադրանքով հունվարի 13-ին 232 կողմ և 197 դեմ ձայներով Թրամփի նկատմամբ իմփիչմենթ է հայտարարել:

Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել:

Քաղաքականություն

Պատահարներ