Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել․ սպանվել է երեք մարդ

Հարձակվողն արդեն ձերբակալված է։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 Ստամբուլի Քարթալ շրջանում փաստաբանական գրասենյակի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, զոհվել է երեք մարդ, ևս երկու մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել այսպես․ Յալովա քաղաքի շրջաններից մեկի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Ահմեթ Սալիհ Բ.-ն իր հարազատների հետ գնացել է փաստաբանի մոտ, որպեսզի լուծի ժառանգության հարց։ Սակայն փաստաբանի գրասենյակում հարազատների միջև վեճ է ծագել։ Արդյունքում Բ.-ն հանել է զենքն ու կրակ բացել հարազատների ուղղությամբ։ Երեք մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորում ստացել։

Փաստաբանական գրասենյակի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Կրակոցներից հետո տղամարդը փախուստի է դիմել դեպքի վայրից, սակայն թե՛ նրան, թե՛ զենքը հայտնաբերել են։ Նա տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք, սկսվել է հետաքննություն։

 

Քաղաքականություն