Ճանապարհային ոստիկանները տուգանել են ԱՄՆ քաղաքացուն 30000 դրամով՝ առանց պատճառը նշելու

ԱՄՆ քաղաքացի Բենջամին Գիլլն ահազանգել է NEWS.am, որ հունիսի 24-ին Գյումրիում ճանապարհային ոստիկաններն իրեն տուգանել են երեսուն հազար դրամով՝ առանց կոնկրետ պատճառը նշելու։ 

Նրա խոսքով՝ ինքը կեսօրին մոտ մոպեդով անցնելիս է եղել Գյումրու կենտրոնական մասով, երբ ճանապարհային ոստիկանները իրեն կանգնեցրել են: 

«Ես առանձին գծով գնում էի, երբ ինձ կանգնեցրին ձախ թեքվելուն պես: Կանգնեցրին, ասացին, թե կտրել եմ բեռնատարի ճանապարհը, սակայն չբացատրեցին, թե կոնկրետ ինչ խախտում եմ արել։ Պահանջեցին, որ խախտման համար վճարեմ 200 դոլար եւ իրավիճակն այնպիսին էր, որ իրենց մոտ էին պահել վարորդական վկայականս, ես հասկանում էի, որ, եթե չվճարի, կամ կտանեին վկայականս, կամ ինձ կտանեին բանտ: Նրանք ինձնից պահանջում էին երկու հարյուր դոլար՝ հասկացնելով, որ եթե չվճարեմ, ինձ կձերբակալեն։ Ի վերջո, ես համոզեցի վճարել հարյուր դոլար և ոստիկանի հետ գնացի գումարը կանխիկացնող սարքի մոտ, իսկ նրա վերադասը մնաց մոպեդիս մոտ»,- պատմեց նա՝ նշելով, որ դրանից հետո կարողացել է սակարկել եւ ոստիկանին վճարել  երեսուն հազար դրամ, որի համար ստացական չեն տվել:  

Քաղաքացու խոսքով՝ մոպեդը գրանցված է Վրաստանում, որտեղից եւ դեպքի նախորդ օրը ժամանել էր Հայաստան, բացի այդ, ունի միջագային վարորդական իրավունք: 

Նա կատարվածի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն: 

 

Քաղաքականություն

Պատահարներ