Սյունիքի մարզում ադրբեջանցի զինվորները 13-ամյա հովիվից 3 կով են խլել․ «Հրապարակը»

Քիչ առաջ  «Հրապարակը» ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղից, որտեղ առավոտ կանուխ ադրբեջանցի սահմանապահների մասնակցությամբ տհաճ միջադեպ է գրանցվել:

Համայնքի բնակիչներից պատմել են, որ  հակառակորդի զինվորները 13-ամյա հովիվից խլել են 3 կով: Երեխան անմիջապես դիմել է գյուղացիներին, պատմել իր հետ կատարվածը:

 

Տեղեկությունը ճշտելու համար «Հրապարակը» կապվել է Տեղի համայնքապետի մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանի հետ։

Վերջինս ասաց, որ միջադեպ, այո, գրանցվել է, դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6-ի սահմաններում, իսկ արդեն 6 անց կես համայնքապետ Ներսես Շադունցը կապ է հաստատել առաջին բանակային կորպուսի և ռուս խաղաղապահների հետ, որից հետո հաջողվել է խոշոր եղջերավորներին հետ վերադարձնել: Մամուլի խոսնակը դժվարացավ ասել՝ երեխային վախեցրել են, թե ոչ, բայց հավանական է, որ անասուններն են հատել սահմանը, որից էլ փորձել են օգտվել ադրբեջանցի սահմանապահները:

 

Քաղաքականություն

Պատահարներ