Նյու Յորքի Բուֆալո քաղաքի սուպերմարկետում անհայտ անձը 10 մարդ է սպանել ռասիստական խտրականության հիմքով. մանրամասներ

Ամերիկյան Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել՝ հարձակվողը մտել է սուպերմարկետ և կրակ բացել մարդկանց վրա, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։ Միջադեպի հետեւանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ ինքը՝ կասկածյալը, հայտնում է հեռուստաալիքը, գրում է RT-ն:

 

Ըստ տեղեկությունների՝ զինված անձը տեղական ժամանակով մոտավորապես ժամը 14:30-ին մտել է Ջեֆերսոն պողոտայի Tops Friendly Markets խանութ, որից հետո կրակ է բացել հաճախորդների վրա:

 

Իշխանությունները չեն բացառել Բուֆալոյում կրակոցներ արձակած տղամարդու գործողությունների ռասայական դրդապատճառը։

 

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը» ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով երեկ Նյու Յորքի Բուֆալո քաղաքում տեղի ունեցած հրաձգությունը։

 

«Մենք դեռ պետք է ավելին իմանանք այսօրվա հրաձգության դրդապատճառների մասին, բայց քանի դեռ իրավապահներն իրենց գործն են անում, մեզ այլ բան պետք չէ հստակ բարոյական ճշմարտությունն ընդգծելու համար»,- Բայդենը շարունակել է,- «Ներքին ահաբեկչության ցանկացած գործողություն, ներառյալ այն, որը կատարվել է նողկալի սպիտակ ազգայնական գաղափարախոսության անվան տակ, հակասում է այն ամենին, ինչ մենք պաշտպանում ենք Ամերիկայում: Ատելությունը չպետք է ապահով նավահանգիստ ունենա։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վերջ տանք ատելությամբ սնվող ներքին ահաբեկչությանը»։

 

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես դատապարտել է ռասիզմի ցանկացած դրսեւորում՝ կապված ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի սուպերմարկետում տասը մարդու սպանության հետ։ Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։

«Գլխավոր քարտուղարը ցնցված էր Բուֆալոյում ռասիստական ​​բռնի ծայրահեղականության ակտի հետևանքով տասը մարդու սպանությունից», - ասել է նա:
 

Հակը նշել է, որ Գուտերեշը հույս է հայտնել արդարության հաղթանակի համար։

Քաղաքականություն