10 տարեկան Արամի նամակը կե՞ղծ է. պատգամավորի արձագանքը` Ջերմուկից հնչած հայտարարությանը

 «Բոլորիս ցնցած ջերմուկցի 10 տարեկան Արամի նամակը կեղծ է, քանի որ նման ընտանիքի ու զոհի մասին տեղեկատվություն այդպես էլ չկարողացանք գտնել։ Հուսով եմ պատգամավորն ու այդ նամակը շրջանառողները կհայտնեն սկզբնաղբյուրը»,- այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան օգտատեր, ջերմուկցի ակտիվիստ Նարեկ Միրզոյանը։

 

Ինչպես երեկ գրել էինք,  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ջերմուկցի 10 տարեկան Արամի նամակը Ձմեռ պապիկին: Նամակում Արամը գրել էր` «Տոնածառ չեմ ուզում, զոհված հայրիկիս մարիմինն եմ ուզում»:

 

Аuroranews.am-ը կապ հաստատեց  ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ`  հասկանալու, թե որտեղից նրան 10 տարեկան Արամի նամակը ու եթե ճանաչում է ընտանիքին` կարո՞ղ է տվյալներ փոխանցել:

 

«Ես նամակը վերցրել եմ ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներից: Արամի կամ նրա ընտանիքի մասին տեղեկություն չունեմ: Միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ նամակում նշված չէ, որ տղան Ջերմուկից է, նշված է միայն, որ հայրն է զոհվել Ջերմուկում` սեպտեմբերի 14-ին»,- ասաց պատգամավորը:

 

10 տարեկան Արամի նամակը` ստորև.

 

«Բարև, Ձմե՛ռ պապ ջան։ Ես ինձ համար նվերներ չեմ խնդրում, փոխարենն ավելի կարևոր ու թանկ բան եմ խնդրում։ Իմ հայրիկը զոհվել է սեպտեմբերի 14-ին` Ջերմուկում։ Բայց իմ հայրիկին դեռ չենք հուղարկավորել։ Ես լսել եմ մայրիկիս ու տատիկիս խոսակցությունը և գիտեմ, որ մեզ թույլ չի տալիս թշնամին, որ հայրիկիս վերցնենք, հայրիկս դեռ թշնամու մոտ է։

Շատ եմ խնդրում, թե կարող ես, էնպես արա, որ հայրիկիս տան, նրան տանենք պանթեոն, որ ես էլ նրան ծաղիկներ տանեմ։ Ինձ տոնածառ պետք չի, չեմ ուզում, միայն այդ մի խնդրանքն ունեմ:

 

Արամ, 10 տարեկան»։

Քաղաքականություն