Ադրբեջանի կողմից երթուղու արգելափակման պատճառով չեն կայանում միջպետական ուղևորափոխադրումները

Արցախը Հայաստանին կապող միակ երթուղին Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով արդեն երկրորդ օրն է՝ չեն կայանում միջպետական ուղևորափոխադրումները: Բազմաթիվ քաղաքացիներ գնված տոմսեր ունեն դեպի Երևան, Հայաստանի այլ մարզեր: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ հայտնում են Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ 

 

«Ստեփանակերտ-Երևան իրականացվող կանոնավոր ուղեվորափոխադրումների խափանման հետևանքով ճանապարհին մնացած շուրջ 100 ուղևորի ԱՀ Տարածքային կառավարման և ենբթակառուցվածքների նախարարությունը` Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ համատեղ, ժամանակավոր տեղավորել են Ստեփանակերտի և Գորիսի հյուրանոցներում ու հյուրատներում։ Ադրբեջանական շրջափակման պատճառով քաղաքացիներից շատերը, այդ թվում՝ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող հիվանդները, չեն կարողացել հասնել Զվարթնոց միջազգային օդանավակայան՝ արտերկիր մեկնելու նպատակով: Միջազգային թռիչքները շարունակվում են իրականացվել առանց Արցախի քաղաքացիների:  Արցախի Հանրապետության միակ օդնավակայանը նույնպես չի գործում ադրբեջանական սպառնալիքների պատճառով»,-նշվում է հաղորդագրության մեջ։ 

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։ 

 

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է  նաև ՀՀ ԱԽ նիստ։  Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։

Քաղաքականություն