«Ո՛չ ԼՂ-ն, ո՛չ ՀՀ-ն գործառույթ չունեն». Ռուբինյանը հիշեցրել է ՌԴ-ի և Ադրբեջանի պարտավորությունների մասին

 Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Այսինքն՝ միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։

Համաձայն հայտարարության՝ ո՛չ ԼՂ-ն, ո՛չ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո: Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի 1 պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:

Այսինքն՝ Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար):

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է։ Արդյունքում խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։

Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ։

 Փարիզում եմ ԵԽԽՎ քաղաքական և մոնիթորինգի կոմիտեների նիստերին մասնակցելու համար։ Ստեղծված իրավիճակը քննարկման թեմա եմ դարձնելու նաև այստեղ»։

Քաղաքականություն