ԱՄՆ-ից՝ Լաչինի միջանցքում կատարվողի մասին

Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:

«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով: Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են», - գրել է Նեդ Փրայսը Թվիթերում:

 

Խոսնակը թեմային անդրադարձել է նաև երեքշաբթի օրը Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Փրայսը մատնանշել է իր թվիթերյան գրառումը՝ մանրամասնելով.«Մենք հստակեցրել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը ծանր հումանիտար հետևանքներ ունի: Այն հետ է մղում խաղաղ գործընթացը: Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով: Ճանապարհը դեպի առաջ բանակցությունների միջոցով է»:

 

Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբը դեկտեմբերի 12-ին հայտարարեց, որ առավոտից մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Արցախից հաղորդում են, որ ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում:

Երեկ երեկոյան էլ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի գազամատակարարումը:

Քաղաքականություն