Ի՞նչ է հանձնարարել Ռուբեն Վարդանյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման, ինչպես նաև դեպի Արցախ գազամատակարարումն արգելափակվելու հետևանքով ստեղծված իրավիճակը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

 

Պետնախարարին զեկուցվել է հանրապետությունում վառելիքի ապահովման հետ կապված ընթացիկ վիճակը: Քննարկվել են գազի, դիզելային վառելիքի և բենզինի սղության պայմաններում ձեռնարկվելիք քայլերը: Կարևորվել է առկա ռեսուրսների առավելագույնս խնայողաբար օգտագործումը:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է հրատապ կարգով մշակել և հստակ սահմանել առաջնահերթ կարևորություն ունեցող ծառայություններին՝ շտապ օգնությանը, հանրային տրանսպորտին, հատուկ ծառայություններին վառելիքի տրամադրման մեխանիզմներն ու ընթացակարգերը:

 

Քննարկված մյուս հարցը վերաբերել է գազ սպառող հացի արտադրամասերի, ինչպես նաև բնակչության կենսական կարիքների ապահովմանն ուղղված այլ արտադրամասերի գործունեության անխափան աշխատանքի կազմակերպմանը: 

Պետնախարարը ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է լուծումներ առաջարկել վառելիքի այլընտրանքային միջոցներով դրանց ապահովման վերաբերյալ:

 

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև ճանապարհի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիների կեցության և սննդի ապահովման հետ կապված հարցերին, նրանց խնդիրների հետ կապված համապատասխան հանձնարարականներ են տրվել։

Քաղաքականություն