Մենք աջակցում ենք Ադրբեջանին․ Չավուշօղլուն՝ Արցախում կատարվողի մասին

Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է։ Այդպես էր պատերազմի ժամանակ, այդպես է նաև ներկա խաղաղ պայմաններում։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարների գագաթնաժողովից հետո պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին։

 

Նա նշել է, որ «օկուպացիայից ազատագրված տարածքները» զարգացնելու համար մեծ աշխատանք կա անելու։

 

«Մյուս կողմից, Լաչինի միջանցքի ստեղծման նպատակը հայտնի է. Ռուսաստանն այս տարածքում խաղաղություն պահպանելու պարտավորություն ունի, սակայն, մյուս կողմից, սեփական հողի վրա Ադրբեջանի հարստության ապօրինի արդյունահանումն ու վաճառքը հակասում է միջազգային իրավունքին և սա նշանակում է «Ադրբեջանի հարստության թալան»։ Մի կողմից կան անվերահսկելի բնապահպանական խնդիրներ, և այն, որ այնտեղ որպես դիտորդ գնացողներին թույլ չեն տալիս մուտք գործել այդ տարածքներ, ցույց է տալիս, թե որքան լուրջ են խախտումները»,- ասել է նա։

 

Չավուշօղլուն հավելել է, որ ռուսական կողմն այս հարցում պետք է համագործակցի Ադրբեջանի հետ, իսկ ռուս «խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում բնակվող հայերը չպետք է միջամտեն այդ մոնիտորինգին»։

 

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել էին իբր որպես բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտից փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ավտոճանապարհը։ 

Երեկ Ադրբեջանն անջատել է Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։ 

 

 

 

Քաղաքականություն