Պեսկովը՝ մասնակի մոբիլիզացիայի առաջիկա նոր ալիքի վերաբերյալ լուրերի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով մասնակի մոբիլիզացիայի առաջիկա նոր ալիքի մասին պնդումները, ասել է, որ Telegram-ի այս ալիքների կարևորությունը չպետք է չափազանցվի, իշխանությունները մնում են տեղեկատվության առաջնային աղբյուրը, գրում է ՌԻԱ Նովոստին։ 

 

«Այս ամենի մասին բազմիցս ասվել է նույն Telegram ալիքներում։ Պետք չէ ընդհանրապես նման նշանակություն տալ Telegram-ի ալիքներին»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Telegram-ի ալիքներում մոբիլիզացիայի շարունակման մասին տեղեկատվությունը։


Նա ընդգծել է, որ մոբիլիզացիայի մասին տեղեկատվության առաջնային աղբյուրը Ռուսաստանի նախագահի գլխավորած պաշտոնական կառավարությունն է, և չպետք է ուռճացնել Telegram ալիքների դերը։ 

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարվել 2022 թվականի սեպտեմբերի 21-ին։ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ն հայտարարեց, որ մասնակի զորահավաքի շրջանակներում պահեստազորից զորակոչն ավարտվում է, և ծանուցագրերի առաքումը դադարեցվում է։ 

Քաղաքականություն