ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կոչ եմ անում ընդդիմադիրներին ներկայանալ այն աշխատանքին, որի համար նրանք վարձատրվում են». Պապոյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը կոչ է անում ընդդիմադիր պատգամավորներին 2023-ին ներկա լինել ԱԺ հանձնաժողովների նիստերին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Պապոյանն այդ կոչով հանդես եկավ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

 

«Ընդդիմադիր պատգամավորներին 2023-ի սկզբի հետ կապված կոչ կանեի ԱԺ գալ։ Իմ կարծիքով` ոչինչ չարժեն նրանց ելույթները, եթե նրանք հաշվեքննիչ պալատի եզրակացության քննարկման ժամանակ չպետք է գան։ Կոչ եմ անում ընդդիմադիր պատգամավորներին ներկայանալ աշխատանքի` այն աշխատանքի, որի համար նրանք վարձատրվում են»,–ասաց Պապոյանը։

Նրա խոսքով` ընդդիմադիրները պետք է գան ԱԺ և իրենց սուր հարցերն ուղղեն կառավարությանը, որպեսզի հանրությունն էլ ամբողջապես տեղեկություն ունենա այս կամ այն միջոցների ծախսման վերաբերյալ։ Նա նշեց, թե ընդդիմմությունն ունի լծակներ, որոնք չի ուզում օգտագործել, ինչը մտահոգում է իրենց։ Պապոյանը վստահեցրեց, որ իշխանությունը բավական քաղաքական կամք է դրսևորում նման հարցերը քննարկելու համար։

 

Նշենք, որ հունվարի 20-ին՝ ժամը 11-ին, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ԱԺ առողջապահության հարցերի հաձնաժողովների համատեղ նիստ կգումարվի։ Նիստում կքննարկվի ամբուլատոր բժշկական ծառայությունների նկատմամբ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը, ինչպես նաև սոցիալապես անապահով և առանձին խմբերին տրամադրված բուժօգնության վերաբերյալ եզրակացությունը։ Պապոյանը հավելեց, որ իրենց փորձագետներն էլ իրենց հերթին ուսումնասիրություն են կատարել և որոշ անհամաձայնություններ գտել հաշվեքննիչ պալատի եզրակացության վերաբերյալ։

Քաղաքականություն