ՀՀ դրոշի վերաբերյալ պահանջները խախտելու դեպքում տուգանքներ կսահմանվեն
Արդարադատության նախարարությունն առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտող պաշտոնյաների նկատմամբ։ Համապատասխան օրենքի նախագիծը առկա է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ ՀՀ այլ վայրերում տեղադրված դրոշներին կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, ապա ստացվում է, որ այդ դեպքում դրոշին ներկայացվող պահանջները որպես պարտադիր պահանջներ նախատեսված չեն և վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ չեն կարող:
1.Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված:
2.Հայաստանի Հանրապետության դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:
3.Հայաստանի Հանրապետության դրոշը` ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղության հակառակ 90 աստիճանով շրջել, այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի:
4.Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:
5.Սույն օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի:
Այսպիսով, դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք կտուգանվեն 30 հազարից 50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց դեպքում՝ 70 հազարից 100 հազար դրամի չափով։
Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։
Դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար վարչական պատասխանատվություն սահմանվել է դեռևս 2022 թվականի մարտի 23-ից՝ 30 հազարից 50 հազար դրամի չափով, սակայն վարչական պատասխանատվությունը նախատեսվել է միայն շենքերի վրա բարձրացված դրոշների դեպքում։