«Հանրության աչքին թոզ փչելու փորձ էր, գորգերն Արցախ տանել հնարավոր չէ». Վարդան Ասծատրյան

Շուշիի գորգերի թանգարանից տարհանված գորգերը, ասեղնագործություններն ու կարպետները 44-օրյա պատերազմից երկու տարի անց այդպես էլ մշտական հանգրվան չգտան Հայաստանում։ Այդ նմուշներից մոտ հիսունն այժմ Վանաձորի Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում են ցուցադրվում, բայց ժամանակավոր, գրում է NEWS.am-ը:

 

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը լրատվամիջոցին հայտնել է,  որ գորգերն այդ թանգարանում են նոյեմբերից։ Թանգարանի տնօրինության հետ պայմանավորվածություն ունեն, որ գորգերն այդտեղ կմնան մեկ տարի, բայց Ասծատրյանը մտադիր է ժամանակից շուտ դրանք տեղափոխել, առայժմ պարզ չէ՝ որտեղ։ 

 

«Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում պայմանների հետ կապված խնդիրներ կան, դրա համար ցանկանում եմ տեղափոխել։ Քանի որ հարցին երկու տարուց ավելի է՝ լուծում չի տրվում, թանգարանի անունը շրջիկ եմ դրել, տարբեր քաղաքներով պետք է շրջեմ՝ մինչեւ մշտակ հանգրվան գտնեմ»,- ասել է Ասծատրյանը։

 

44–օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված եւ Հայաստան տեղափոխված գորգերը, ասեղնագործությունները ու կարպետները ի սկզբանե պահ էին տրվել Հայաստանի պատմության թանգարանին, 3 ամիս անց այնտեղ նորոգում էր սկսվել եւ 2021թ. փետրվարին ցուցանմուշները տեղափոխվել էին Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան։ Նախատեսվում էր՝ գորգերն այստեղ պահել 6 ամիս, բայց համապատասխան պահման վայրի բացակայության պատճառով, դրանք մնացել էին ճարտարապետության ազգային թանգարանում։ 2022 թվականի հունվարի 30–ից դրանք ցուցադրությունից հանվել էին եւ պահվում էին այդ թանգարանում։ Փետրվարին ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումներից հետո որոշվել էր, որ այդ գորգերը կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ, սակայն, վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեին ամռանը, որից հետո միայն գորգերը կտեղափոխվեին այդ թանգարան։

 

Պատերազմի ժամանակ Շուշիից տարհանված ժառանգությունը, սակայն, այդպես էլ Պատմության թանգարան չտեղափոխվեց։ 

 

Ասում է, որ  ԿԳՄՍ-ից առաջարկ հնչել է` Պատմության թանգարան տեղափոխելու համար, բայց նա մերժել է իրենց առաջարկը։

 

«Պատմության թանգարանի տնօրինությունն այնպիսի հայտարարություններ էր անում, որ Շուշիի թանգարանից տարհանված գորգերը չտանեմ այնտեղ։ Տնօրենն ասում էր՝ չի կարող այնպես լինել, որ երկու թանգարան լինի մեկ թանգարանում, ես էլ ասում էի, որ իր վերադասն է այդ առաջարկն արել, բայց պատասխան ստացա, որ այդ մասին նույնիսկ գրավոր հրաման չկա, հետեւաբար ինքը որեւէ պարտավորություն չունի ընդունել մեր գորգերն այդ թանգարանում։ Ստացվում է, որ ԿԳՄՍ-ն աղմուկը ծածկելու համար, թե իբր հարցը լուծում է, նման առաջարկ է ինձ արել, բայց ես չեմ համաձայնում դրան:

Հանրության աչքին թոզ փչելու փորձ էր։ Գորգերն Արցախ տանել հնարավոր չէ, քանի դեռ պայմանագիր չկա։ Արցախի կառավարությունից այսօր ես ոչ մի ակնկալիք չունեմ, մանավանդ շրջափակման պայմաններում»,- ասել է Վարդան Ասծատրյանը։

 

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադրի հույսը շարունակում է մնալ Հայաստանի ԿԳՄՍ-ն, որը նրա խոսքով՝ պետք է պատերազմի ընթացքում փրկված ժառանգության համար մշտական հանգրվան ապահովի։

 

«ԿԳՄՍ-ն հայ ժողովրդի մշակույթի քաղաքականությունը վարողն է, իսկ այս թանգարանը մեր ժողովրդի ժառանգությունն է։ Նախարարությունը նույնիսկ չպետք է թողներ, որ էս վիճակին հասնեինք, ամեն ինչ պետք է անեին, որ թանգարանը շարունակեր գործել, միակ թանգարանն էր, որտեղ բոլոր նմուշները ատրիբուցիա ունեն, գիտենք, թե որ գյուղից են։ Աշխարհում չկա գորգերի նման թանգարան, որտեղ 90 տոկոսից ավելի նմուշների ատրիբուցիան իմանան։ Այս թանգարանի գորգերը ես եմ ձեռք բերել այն գյուղերից, որտեղ դրանք ստեղծվել են, դրանք գիտական ուսումնասիրման լավ հարթակ են, մինչեւ հիմա ես չեմ հասկանում այն ամենը՝ ինչ կատարավում է, երբ պատկան մարմինները չեն փորձում այդ գորգերին մշտական հանգրվանով ապահովել։ Ամոթ է ուղղակի»,- նշում է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրը։

Քաղաքականություն

Պատահարներ