Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին․ Պետրակովը՝ հավաքականի նորեկների և նոր դարպասապահ ներգրավելու մասին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Կիպրոսի հավաքականի հետ հանդիպման մասին։

 

«Բավականին լավ հանդիպում ստացվեց։ Ուսուցողական խաղ էր։ Շատ նոր ինֆորմացիա ստացա այս խաղում, նորեկները շատ էին։ Շատ էինք ուզում հաղթել, բայց, ցավոք, չստացվեց։

 

Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին։ Եղել են դեպքեր, երբ հավաքականում երիտասարդ ֆուտբոլիստներն իրենց լավ են դրսևորել, բայց հետագայում նրանց կարիերան չի դասավորվել։ Հավաքականում 7 ֆուտբոլիստ է նորամուտը նշել։ Բոլորը լավ տպավորություն թողեցին»,- ասել է մասնագետը։

 

Ալեքսանդր Պետրակովը խոսել է նաև հավաքականում դարպասապահի դիրքում հավանական նորեկների մասին։

 

Դարպասապահներ Օգնեն Չանչարևիչին («Ալաշկերտ») և Վսեվոլոդ Երմակովին («Արարատ-Արմենիա») Հայաստանի հավաքական հրավիրելու մասին հարցին Ալեքսանդր Պետրակովը պատասխանել է․

 

«Չանչարևիչն արդեն 34 տարեկան է, իսկ ինչ վերաբերում է Երմակովին, պետք է սպասենք մինչև հունիս, որ  հասկանանք այդ հարցի պատասխանը։

 

Բրազիլիայում հանդես է գալիս 19-ամյա երիտասարդ դարպասապահ, որին հետևում ենք: Պարզապես օվկիանոսից այն կողմ հանդես եկող ֆուտբոլիստների հետ կապված որոշակի դժվարություններ կան: Նա կարող է հանդես գալ Բրազիլիայի Մ20 հավաքականում։ Բայց, ամեն դեպքում, պետք է փորձենք ներգրավել այդ դարպասապահին»:

 

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ։

 

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։։ 

Քաղաքականություն