ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս»․ Փաշինյան

«Մենք պետք է ֆունդամենտալ անդրադառնանք այն կոնցեպտին, որով հետապնդվել է ԼՂ հարցը մեր անկախության տարիներին»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդտեղ կա երկու մաս՝ մինչև մադրիդյան սկզբունքները և դրանից հետո։

 

«Մինչև մադրիդյան սկզբունքները հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և ԽՍՀՄ փլուզման համատեքստում իրացրել է իր ինքնորոշման իրավունքը։ Եվ, ինչպես ԽՍՀՄ այլ սուբյեկտներ, իրացնելով իրենց ինքնորոշման իրավունքը (որը, իմիջիայլոց, արձանագրված է Ալմա Աթայի հռչակագրում), ստացել են անկախություն, այնպես էլ ԼՂ-ն է այդ իրավունքն իրացրել, հետևաբար, չի եղել Ադրբեջանի կազմում, այլ անկախացել է ԽՍՀՄ-ից։ 2007թ. իշխանության տրանսֆորմացիայի, փոխանցման շրջանում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, ի հայտ եկան մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էին և՛ տարածքային ամբողջականության, և՛ ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂՀ կարգավիճակը ինչ-որ մեխանիզմով, և այդ կարգավիճակի ճշգրտման մեխանիզմը պետք է համաձայնեցված լինի նաև Ադրբեջանի կողմից։ Այստեղ լրջագույն կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունեցել»,- ասել է վարչապետը։

 

«Եթե մադրիդյան սկզբունքներից առաջ հայկական կողմի դիրքորոշումն էր, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում երբեք չի եղել ու հիմա էլ չի, հետևաբար, ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է չլինել, որովհետև ԼՂ-ն արդեն ինքնորոշվել է, մադրիդյան սկզբունքներով արձանագրվում էր, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ։ Այսպիսով, հայկական կողմի որոշմամբ այդ սկզբունքների նախագծի հեղինակը, ըստ որոշ հավաստի տեղեկությունների, հայկական կողմն է»։

 

Ըստ վարչապետի՝ այստեղ է, որ ինքնորոշվել՝ նշանակում է լինել որևէ տեղ, և ինքնորոշման իրավունքի իրականացմամբ տեղափոխվել այլ տեղ. «Մադրիդյան սկզբունքներից առաջ այդ տեղը ԽՍՀՄ-ն էր, մադրիդյան սկզբունքից հետո՝ Ադրբեջանը»։

 

Նրա խոսքով՝ իրենց իշխանության մեծագույն բացթողումն է, որ 2018-ից հետո ժողովրդին այդ մասին չեն բացատրել ու չեն ներկայացրել։

Վարչապետը նաև անդրադարձել է ԼՂ-ն բանակցային սեղանից դուրս թողնելուն՝ նշելով, որ այդպիսով տարածքային վեճի է փոխարինվել հարցը. 

 

«Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս», - շեշտել է վարչապետը։

Քաղաքականություն

Պատահարներ