Խաղաղության հասնելու համար շատ լավ հնարավորություններ կան. Ալիև

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։


Իր խոսքով` «խաղաղության հասնելու համար շատ լավ հնարավորություններ կան»։


«Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի ինչպես մեր երկրների, այնպես էլ ողջ Հարավային Կովկասի զարգացման ու կայունության համար։


Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները։


Պարոն կանցլեր, Ձեր հրավերով վերջերս Գերմանիայում հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները։ Իր աջակցությունն է հայտնել նաև Գերմանիայի արտգործնախարար տիկին Բարբոքը։ Հաջորդ հանդիպումը կկայանա Ղազախստանում։ Այսպիսով, մենք հավելյալ քայլեր ենք ձեռնարկում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։


Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացի արդյունքում սկսվել է սահմանների սահմանազատում։ Մեզ են վերադարձվել 1990 և 1992 թվականներին «օկուպացված 4 ադրբեջանական գյուղեր»։ Պետք է տեղեկացնեմ նաև, որ այսօր առավոտյան Ադրբեջանում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը:


Այսինքն՝ խաղաղության հասնելու համար շատ լավ հնարավորություններ կան։ Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են մեզ օգնել այս հարցում։ Հուսով ենք, որ առաջիկայում դրական քայլեր կձեռնարկվեն այս ուղղությամբ։ Մենք հատկապես գնահատում և երախտապարտ ենք Գերմանիային այս ոլորտում աջակցության համար»,- ասել է Ալիևը՝ Շոլցին։

Քաղաքականություն

Պատահարներ